Հացադուլ հայտարարած անձը Պաշտպանի միջամտությամբ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք տևական ժամանակ գտնվում են հացադուլի մեջ։

ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար տեղեկություններ ստանալով հացադուլի ընթացքում նրանց առողջական վիճակի, ինչպես նաև հացադուլի պատճառների վերաբերյալ՝ բարձրացված խնդիրները քննարկել են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների հետ։

Քննարկման արդյունքում հացադուլ հայտարարած անձինք կրկին անցել են բժշկական հետազոտություն և ստացել մասնագիտական խորհրդատվություն, որի արդյունքում նրանցից մեկը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Ավելի վաղ ArmLur.am-ին Արմավիրի ՔԿՀ-ից ահազանգել են կալանավորներն ու դատապարտյալները՝ նշելով, որ հացադուլ են հայտարարել։

Նրանց պահանջը մեկն է․ քանի որ ունեն լուրջ առողջական խնդիրներ, ինչու իրենց դատապարտյալների հիվանդանոց չեն տեղափոխում։

«Եթե անտեր ենք, պիտի փտենք։ Արդեն 25 օր է, ինչ հացադուլի մեջ եմ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց կալանավորներից մեկը։




Լրահոս