Ինչ ունեցվածք ունի Շիրակի մարզի ապագա մարզպետ Դավիթ Առուշանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե քաղաքական կարիերա չունեցող Դավիթ Առուշանյանը հեղափոխությունից հետո բախտի բերմամբ, թե պատահմամբ ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ: Հենց այս նույն սկզբունքով Առուշանյանը երեկ մանդատը վայր դրեց Շիրակի մարզպետ դառնալու համար։ Դավիթ Առուշանյանը փոխարինելու է Մուշեղ Մուրադյանին, ով նույնիսկ չգիտեր, որ պաշտոնանկ է արվել։

Դավիթ Առուշանյանն առանձնապես հետաքրքիր կենսագրություն չունի․

2004-2006 թվականներին եղել է «Անի տուր» տուրիստական գործակալության փոխտնօրեն, ապա 2006-2021 թվականներին՝ տնօրեն: 2021-2022 թվականներին Առուշանյանը դարձավ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ:

Նա 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Դավիթ Առուշանյանը 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

 Այսպիսով, ինչ ունեցված ունի Շիրակի մարզի ապագա մարզպետը․

Դավիթ Առուշանյանի՝ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ արդեն նախկին պատգամավորը ունի 2 բնակարան բազմաբնակարան շենքում և մեկ ավտոկայանատեղի։ Բնակարանները համապատասխանաբար գտնվում են Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչալան շրջաններում, իսկ ավտոկայանատեղին՝ Կենտրոն վարչական շրջանում։

Առուշանյանի հայտարարագրի համաձայն՝ նա 90 օրից ավելի շահագործում է բնակարան Շիրակի մարզի Գյումրի համայնքում, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում։

Տվյալ տարվա առկա տրանսպորտի միջոցները եղել են 2-ը՝ 2018 թվականին ձեռք բերված NISSAN մակնիշի մեքենա և 2016 թվականին ձեռք բերված RANGE ROVER մակնիշի մեքենա։

Դավիթ Առուշանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 500 հազար դրամ և  500 հազար դրամ, ընդհանուր 2 մլն դրամ։ 2022 թվականին որպես Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ ներկայացված հայտարարգրի համաձայն Առուշանյանի կանխիկ դրամական միջոցներն ավելացել են գրեթե 900 հազար դրամով։

Շիրակի մարզի ապագա մարզպետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 հազար ԱՄՆ դոլար, 12 մլն դրամ և 18 հազար եվրո։ Առուշանյանի կանխիկ դրամական միջոցները 2022 թվականի համեմատ չնչին չափով նվազել են։

Որպես պատգամավոր՝ Առուշանյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 702 հազար դրամ, որն էլ աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից։ Որպես Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ՝ Դավիթ Առուշանյանը եկամուտ չի հայտարարագրել։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 517 հազար դրամ։ Վարկային պատմությունից հասկանում ենք, որ Դավիթ Առուշանյանն ունի հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է  59 հազար ԱՄՆ դոլար։

Էմմա Միքայելյան




Լրահոս