Բաքուն անհեթեթ պատճառաբանություններով հետաձգում է հայ ռազմաքաղաքական գերիների դատը։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատական նիստը, որը նախապես պետք է հոկտեմբերին կայանար, 5 ամսով հետաձգվել է։ Իսկ պատճառնն այն է, որ ադրբեջանցի դատախազը, որը զբաղվում է ռազմաքաղաքական ղեկավարների գործերի քննությամբ, ժամանակ է պահանջել, որպեսզի մի լավ պատրաստվի դատաքննությանը։
Այսօր էլ Ռուբեն Վարդանյանի պաշտպանները հայտարարությամբ հանդես եկան, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել։ Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Ըստ էության, դատախազը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա այս շինծու մեղադրանքների համար հիմքեր գտնի, որով կկարողանա կալանավորել Արցախցի պաշտոնյաներին։
Հիշեցնենք՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարությունը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում իրականացրած ռազմական ագրեսիայի և դրան հաջորդած իրադարձություններից հետո։ Ադրբեջանցի սահմանապահները ապօրինի կերպով ձերբակալում են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Նրանց Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրում։
Ավելին Արայիկ Հարությունյանին և Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում։
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան