Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։
ՆԳՆ-ից ArmLur.am-ին հայտնում են, որ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը 44-ամյա մի տղամարդու կողմից շահագործվող մրգի կրպակից կատարել են գողություն, ապա հրկիզել են կրպակը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արարքը կատարել է 59-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ գիշերվա ժամը 1-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է կրպակի դուռը, գողացել արկղերով մրգեր, կշեռք ու գազի գլանոթ, իսկ առավոտյան ժամը 7-ի սահմաններում հրկիզել է կրպակը:
59-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Ավելի վաղ հայտնել ենք՝ հունվարի 22-ին՝ ժամը 07:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող կրպակներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 07:34-ին, մարվել՝ 07:57-ին: Այրվել էր երկու կրպակ, ջերմահարվել՝ կրպակներին կից գեղեցկության սրահի կախովի առաստաղը և մոտակայքում կայանած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան: