450 ԽՄ ՋՈՒՐ ԿՈՐՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՋՐԻ ԾՈՐԱԿԻ» ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ոռոգման ջրի սղություն կա, սակայն Կառավարությունը՝ ի դեմս Ջրային կոմիտեի, չի խոստովանում դա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում գրել էր. «Հարցեր, որոնց համապարփակ եւ փոխկապակցված պատասխանը ոչ մի վիճակագրություն մեզ չի տա.

  1. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ հայտարարում է, որ ամբողջ ձմեռ ծորակը բաց է թողնելու, որովհետեւ սառում է. եթե որեւէ մեկը իր այս իրավունքը վիճարկի, ինքը կդիմի կտրուկ եւ վճռական գործողությունների։
  2. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում, ընդ որում՝ ամբողջ թողունակությամբ, եւ ոչ թե բացում-փակում է ըստ անհրաժեշտության»:

Ըստ Փաշինյանի՝ այս հարցերը չունեն որեւէ վիճակագրություն։

Եկեք միասին հասկանանք՝ ջրի վերաբերյալ առհասարակ ինչ կարեւոր տվյալներ կան։ «Ժողովուրդ» օրաթերթը դրանք իմանալու համար դիմել է ՀՀ ջրային կոմիտե՝ տեղեկանալու, թե ՀՀ-ում ընդհանուր առմամբ քանի՞ խորանարդ մետր ոռոգման ջրային պաշար կա: Խնդրել էինք նշել, թե քանի՞ խորանարդ մետր խմելու ջրային պաշար կա հանրապետությունում, եւ պահանջել էինք տվյալները տրամադրել բացարձակ թվերով, ոչ թե տոկոսային հարաբերակցությամբ, թե ոռոգման ջրային պաշարի քանի խորանարդն է կորչում մինչեւ արտ հասնելը։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Ջրային կոմիտեից տեղեկացանք. «ՀՀ-ում բարենպաստ պայմանների առկայության դեպքում տարեկան ընդհանուր առմամբ կարող է ձեւավորվել շուրջ 7.2 մլրդ մետր խորանարդ մակերեւութային հոսք, որից 1.2 մլրդ մետր խորանարդ ջրային ռեսուրս հնարավոր է ամբարել 80 ջրամբարներում, իսկ ոռոգման նպատակով շահագործվող ջրամբարներում կարող է կուտակվել մոտ 1.02 մլրդ մետր խորանարդ (օգտակար ծավալ՝ 940 մլն մետր խորանարդ), ոռոգման նպատակով ջրառն իրականացվում է նաեւ այլ ջրամբարներից»,- ասված է հարցման պատասխանում։

Նիկոլ Փաշինյանը խոսում էր ջուրը խնայելուց, էկոլոգիական բարեփոխումներից, սակայն խմելու ջրի պաշարի ծավալի մասին հարցադրումները Կառավարության ենթակայության տակ գտնվող Ջրային կոմիտեի իրավասության շրջանակներից դուրս են։ Նման պատասխան փոխանցել են Ջրային կոմիտեից։ Կոմիտեից խուսափել են հստակ թվերով ասել, թե ոռոգման ջրի որքան կորուստ ունի Հայաստանը, սակայն ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման նպատակով 2024 թվականին իրականացվել է շուրջ 986 մլն խորանարդ մետր ջրառ, որից շուրջ 538 մլն մետր խորանարդ ջուր մատակարարվել է ջրօգտագործողներին»։

Ստացվում է, որ Հայաստանն ունի 448 մլն խորանարդ մետր ոռոգման ջրի կորուստ, ու այս բնական ռեսուրսի ահռելի կորուստը Փաշինյանին, կարծես թե, չի հետաքրքրում, քանի որ նա, հայտարարագրումից զատ, այս հարցով եթեր չի մտնում ու չի ասում, թե ովքեր են ջրի դեւերը, որ նստել են մեր ջրի ակունքներին եւ չեն թողնում, որ այն ամբողջությամբ հասնի սպառողին:

 

 

 

 

 

 

Հակառուսական իր հայտարարությունների համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուրջ փաստի առաջ է կանգնել: Նա չգիտի՝ ինչպես արդարանա հյուսիսային իր գործընկերների առջեւ, որպեսզի հավատան, որ չի արել այդքան ռուսատյաց հայտարարություններ: ԱԺ-ից մեզ լուրեր փոխանցեցին, որ ՌԴ-ից պահանջել են ԱԺ նախագահից կա՛մ հերքել ու դատի տալ լրատվամիջոցին կա՛մ խոստովանել, որ ասել է այդ խոսքերը: Ալեն Սիմոնյանն էլ որոշել է հետ կանգնել իր խոսքերից: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 24-ին բալթյան երկրների խորհրդարանականների հետ ունեցած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել է կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք է առաջացրել անգամ բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ: Ալեն Սիմոնյանը բալթյան երկրների ներկայացուցիչների հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է պարտվի, վերանա, որպեսզի մեր եւ բալթյան երկրների համար «լավ լինի»: Սիմոնյանը նաեւ ավելացրել է, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի եւ բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել»: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այս միջադեպը, նոր մանրամասներ է պարզել դրա վերաբերյալ: Այն, որ Ալեն Սիմոնյանի եւ բալթյան երկրների խորհրդարանականների հետ անցկացված դռնփակ հանդիպումը անցել է խիստ հակառուսական մթնոլորտում, դրա մասին փաստում են նաեւ այդ երկրների տարածած պաշտոնական հաղորդագրությունները: Լատվիայի Սայեմայի (Ազգային ժողով) պաշտոնական էջում հանդիպումից հետո հետեւյալ ռելիզն է տարածվել. ««Այն երկրները, որոնք ձգտում են ազատվել Ռուսաստանի ուղեծրից, անխուսափելիորեն կբախվեն նրա դիմադրությանն ու սադրանքներին։ Սա պետք է ընդունել հանգիստ վճռականությամբ եւ լուծել՝ հստակ կենտրոնանալով սահմանված նպատակների վրա»:

 

 

 

 

 

ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեւ ամպեր են կուտակվել ՔՊ-ական կանանց գլխին: Խոսքը Արփի Դավոյանի եւ Լուսինե Բադալյանի մասին է: ՔՊ-ական այս կանայք վերջին շրջանում զբաղված են դավեր նյութելով ու մյուս թիմակիցների վրա կոմպրոմատներ փնտրելով, ինչը բարկացրել է Նիկոլ Փաշինյանին ու մյուս ՔՊ-ականներին: Դավոյան-Բադալյան զույգը հատկապես ջանք չի խնայել Տիգրան Ավինյանին սեւացնելու համար: Վերջիններս ՔՊ նիստերին պարբերաբար բողոքել են Ավինյանի աշխատանքից, նրան մեղադրել կոռուպցիայում թաթախված լինելու մեջ, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը պահանջել է, օդում խոսելու փոխարեն, փաստեր ներկայացնել, Լուսինե Բադալյանն ու Դավոյանը լռել են, չեն կարողացել ապացուցել իրենց ասածը: Փաշինյանն ու ՔՊ-ականներն էլ մեղադրել են նրանց՝ բոլորին անտեղի զրպարտելու ու անհիմն տեղեկություններ տարածելու համար: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս իրավիճակը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ական կանանց. օրուգիշեր նրանք կոմպրոմատներ են փնտրում, որպեսզի արդարացնեն իրենց տարածած հերյուրանքները, ինչն այդպես էլ չի հաջողվում:

 

 

 

 

 

Տրանսպորտի թանկացման իր նախաձեռնությունը 4 անգամ փոփոխած, «կարած-ձեւած» քաղաքային իշխանությունը օրերս հերթական հետքայլը կատարեց՝ 1 ուղեւորությունը 150 դրամ՝ 300-ի փոխարեն: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին պնդում էր՝ հնարավոր չէ որեւէ փոփոխություն կատարել, այդ թվում՝ ուղեվարձը 150 դրամ դարձնել. բայց արի ու տես, որ անհնար ոչինչ չկա: Իսկ ի՞նչն է անդրդվելի ՔՊ-ին ստիպել հետքայլ կատարել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հասարակության դժգոհությունների ալիքը խիստ անհանգստացրել է ՔՊ-ին. մի քանի անգամ նեղ կազմով նիստ են արել Փաշինյանի գլխավորությամբ ու քննարկել ուղեվարձի հարցը: Նիստերի ժամանակ մի քանի  ՔՊ-ականներ ասել են, թե առանց թանկացման հնարավոր չէ տրանսպորտային համակարգում ռեֆորմներ անել, իսկ ՔՊ-ի մի թեւն էլ, որոնք գերակշիռ մաս են կազմել, պնդել են, որ սրանով իսկապես ռիսկի տակ են դնում իրենց իշխանությունը, ու հնարավոր է՝ փետրվարի մեկին սոցիալական այնպիսի բունտ հասունանա, որ իրավիճակն իրենց հսկողությունից դուրս գա: ՔՊ-ականներին նաեւ մտահոգել է այն, որ մինչ օրս հանրության քիչ տոկոսն է ձեռք բերել իրենց մշակած տրանսպորտային փաթեթները: Այսպիսով՝ երկար ու բուռն քննարկումներից հետո որոշել են ռիսկի չգնալ ու հասարակության նյարդերի հետ չխաղալ՝ այն էլ ընտրությունների շեմին:

 




Լրահոս