Ինչպես քիչ առաջ ներկայացրել ենք, այսօր օմբուդսմենը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց տարեկան զեկույցը:
Լրագրողների այն հարցին, թե ո՞րն է ըստ ՄԻՊ-ի ամենախնդրահարույց կառույցը, Անդրեասյանը նշեց, որ այն կառույցները, որոնք ավելի շատ են շփվում մարդկանց հետ, մասնավորապես` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
«Ամենակոռումպացված մարդիկ ավելի զուսպ են իրենց սկսել դրսևորել: Դատական համակարգը սկսել է ավելի թափանցիկ գործել: Ճիշտ կլինի, որ դուք ուշադրություն դարձնեք մեր զեկույցներին և թե ի՞նչ են դրանցից հետո անում պետական մարմինները»,- ասաց Անդրեասյանը:
Նրա համոզմամբ` բոլոր երկրներում էլ ամեն վատ բանի համար մեղավոր են իշխանությունները:
Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին` ՄԻՊ-ը նշեց, որ իր թեկնածության մասին լուրերը վարչապետի պաշտնում ՝ մարդու իրավունքների խախտման դեպքերից ուշադրությունը շեղելու նպատակ ունի:
«Վարչապետի աշխատանքները գնահատելիս մենք հաշվի ենք առնում թե՛ անցյալը, թե՛ ներկան, թե՛ ապագան: Որպես քաղաքացի, թե ո՞ւմ եմ տեսնում վարչապետի պաշտոնում, կպատասխանեմ երեք տարի հետո, երբ այս պաշտոնն այլևս չեմ զբաղեցնի»,- ասաց Անդրեասյանը:
Վերջինս անդրադարձավ նաև օրենքում գենդեր եզրույթին` նշելով, որ օրենքում գենդեր բառն ընդհանրապես չկար: Նրա գնահատմամբ` լավ գաղափարը թաղվեց հետադիմական հայտարարությունների քողի ներքո:
«Օմբուդսմենը որևէ երկրում չունի պարտադրողական գործառույթ: Երբ որ հասարակությունը կկորցնի իր ֆոբիաները, այդ ժամանակ էլ մենք ավելի հեշտ կաշխատենք: Այդ տերմինը հնարավորություն կտար այլևս աշխատանքի ընդունելիս երիտասարդ և բարետես լինելու պահանջ չդնել: Սակայն հետադիմական հայացքների պատճառով լավ գաղափարը թաղվեց»,- շարունակելով խոսքն` ասաց Անդրեասյանը:
ՄԻՊ-ը նշեց նաև, որ ինքն իր գործում պատրաստվում է պաշտոնավարել այնքան, որքան նշանակված է օրենքով:
Օմբուդսմենի գնահատմամբ` կան մի քանի գերատեսչություններ` Ոստիկանությունը, ՊՆ-ն, Առողջապահության նախարարությունը, որոնց հետ հեշտ է աշխատել, որ լեզվին չեն տալիս, չեն մոլորեցնում, թեման մի գլխից մյուսը չեն տանում:
Իսկ Քաղաքապետարանը տեղ-տեղ լավ է աշխատում, տեղ-տեղ` վատ:
«Տրանսպորտի հանձնաժողովի հետ, օրինակ, հիմա շատ հեշտ է աշխատելը: Բայց հենց ասելու բան չեն ունենում ՝ սկսում են պիտակներ տալ, թե մենք անիմաստ կառույց ենք և սխալ ենք աշխատում»,- ասաց ՄԻՊ-ը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ի՞նչ կլինի, եթե մի օր էլ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասի, որ ինքն է Քոչարյանի անհաջող կադրը, Անդրեասյանը պատասխանեց, որ ինքը հիանում է Քոչարյանի թևավոր խոսքերով, բայց կարող է ասել, որ իր մասին հանրապետության նախագահը սեփական կադր անվանելու խնդիր չունի:
«Ինձ ընտրել են կոալիցիոն երեք ուժերը, եթե նրանք էլ ասեն, որ ես անհաջող կադր եմ, ես չեմ տխրի»,- կատակեց ՄԻՊ-ը:
Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարությունը, թե Անդրեասյանը ԵՄ-ի տրամադրած գումարները մսխել է, պատասխանեց. «Եկեք լուրջ բաներից խոսենք»:
Տաթև Հարությունյան