![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/images.jpg)
Դատավարությունն ընթանում է Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» համար:
Այսօր Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը: Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանը օրեր առաջ ուղերձ է հղել, որում պնդում էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները կեղծ են, և դատավարությունն իրականացվում է խախտումներով, իրեն չեն տրամադրել բավարար ժամանակ ու հնարավորություն՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Վարդանյանը պահանջում է, որ իր և մյուս մեղադրյալների դատավարությունները լինեն բաց՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների մասնակցությամբ։ Արցախի նախկին պետնախարարը դիմում է միջազգային հանրությանը՝ աջակցելու իր պահանջներին և ուշադրություն հրավիրելու Ադրբեջանի դատական համակարգում առկա անարդարություններին։
Հավելենք, որ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։