Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԶՐԿԵԼ ՓԱՍՏԱԲԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եւ միջազգային քրեական իրավունքի ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Իրեն Վիկտորիա Մասիմինոն եւ Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, հայ գերիների դատավարության մասին գնահատականներ են տվել միջազգային bne Intellinews պարբերականին: ArmLur.am-ը ներկայացնում է այդ գնահատականների հայերեն թարգմանությունները։

 

«Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների դեմ առաջադրված մեղադրանքները մաքուր քաղաքական են: Հայերի, հատկապես արցախահայերի նկատմամբ հետապնդումների ընդհանուր համատեքստում այդ մեղադրանքները հիմնված են միայն քաղաքական դրդապատճառների վրա։ Դրանք հորինված են Ադրբեջանի կողմից»,- ասում է իրավաբան, մարդու իրավունքների եւ միջազգային քրեական իրավունքի ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Իրեն Վիկտորիա Մասիմինոն: Մասիմինոն այն չորս իրավաբաններից մեկն է, որոնց անունից Կալիֆոռնիայում գործող «Ճշմարտության եւ արդարության կենտրոնը» դիմել է Ադրբեջանին վիզա ստանալու համար՝ դատավարություններին ներկա լինելու նպատակով: Նրանք դեռ Բաքվից պատասխան չեն ստացել, բայց դա դժվար թե  նշանակություն ունենա։ Մասիմինոն ասում է՝ դատավարության արդյունքում արդարադատությանը նմանվող որեւէ արդյունքի հասնելու հավանականությունը զրո է: «Ես հակված եմ հաճախ մեջբերելու Ադրբեջանի վերաբերյալ Freedom House-ի զեկույցը: Այդ երկիրը 100 միավորից յոթն է հավաքել: Դա բացարձակապես անազատ երկիր է, եւ Freedom House-ի վերջին զեկույցում դրա հիմնական պատճառներից են հենց Արցախի շրջափակումը եւ հայերի հետապնդումները։ Այսպիսով, սրանք ցուցադրական դատավարություններ են: Դրանք բացարձակապես անարդար են եւ հիմնված են քաղաքական մեղադրանքների վրա»,- ասում է Մասիմինոն։

Հոդվածագիրը նշում է, որ շրջափակման պայմաններում Ղարաբաղի ժողովրդին ներկայացնող ամենահայտնի հանրային դեմքը Ռուբեն Վարդանյանն էր։ Վարդանյանը տասնյակ հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցներին՝ Ղարաբաղում օրեցօր վատթարացող պայմանների մասին՝ դրանով էլ առաջացնելով Ադրբեջանի զայրույթը, որը բազմիցս թիրախավորել է Վարդանյանին՝ կատաղի հռետորաբանական հարձակումների միջոցով։

Նրա որդին կարծում է, որ հենց այս քարոզչությունն է ստիպել Բաքվին առանձնահատուկ կերպով թիրախավորելու նրան։ «Կարծում եմ, որ ուշադրության այն մակարդակը, որ հայրս կենտրոնացրել է Լեռնային Ղարաբաղի վրա այն բանից հետո, երբ որոշեց այնտեղ ապրել, չէր մտնում Ադրբեջանի գործողությունների պլանի մեջ։ Նրանք հույս ունեին, որ կամաց-կամաց այն կդարձնեն ապրելու համար անհնարին վայր եւ մարդկանց աստիճանաբար դուրս կքշեն, այսպես ասենք՝ մի տեսակ «հանգիստ էթնիկ զտում» կիրականացնեն, որը ոչ էլ կնկատի աշխարհը: Ուստի, շատ ակնհայտ է, որ նրանք դժգոհ էին այն ուշադրությունից, որն այժմ առկա Է այնտեղ կատարվող անարդարությունների նկատմամբ», – ասում է Դավիթ Վարդանյանը:

«Ի վերջո, Բաքուն ստացավ Ռուբենին անմիջականորեն պատժելու իր հնարավորությունը. մի հնարավորություն, որից ակնհայտորեն հաճույք է ստանում Ադրբեջանի կառավարությունը: Ռուբենի եւ նրա 15 հայրենակիցների դեմ նման ցուցադրական դատավարություններ անցկացնելով՝ Ադրբեջանը հույս ունի ամրացնելու իր դիրքերը եւ վախեցնելու ինչպես իր հարեւանին՝ Հայաստանին, այնպես էլ իր սեփական քաղաքացիներին: Ադրբեջանի համար սա ավար է. նրանք վերջապես ունեն Արցախի իշխանության ղեկավարներին, որոնք այսքան ժամանակ պայքարել են ինքնորոշման համար», – նկատում է Մասիմինոն։

Ըստ պարբերականի՝ չնայած այս դատավարություններում արդարության կամ դատական պատշաճ գործընթացի ակնհայտ բացակայությանը՝ դրանք մինչեւ օրս գրեթե չեն առաջացրել միջազգային որեւէ արձագանք: Բացառությամբ ԵԽԽՎ բանաձեւի, որը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել ինչպես Ղարաբաղի հայ ղեկավարներին, այնպես էլ Բաքվի կողմից պահվող բազմաթիվ հայ ռազմագերիներին, արեւմտյան երկրների կողմից քիչ են եղել հայտարարություններ, եթե, իհարկե, այդպիսիք եղել են։ «Միջազգային հանրության կողմից (այս դատավարությունների նկատմամբ) ուշադրության բացակայությունն ինձ ապշեցնում է: Դրան նպաստում են ե՛ւ «խավիարային դիվանագիտությունը», ե՛ւ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները՝ նավթն ու գազը։ Նրանք ամուր կապեր ունեն եվրոպական շատ երկրների հետ, եւ սա նաեւ հակամարտություն է, որը 2020 թվականից ի վեր շատ ավելի քիչ ուշադրության է արժանացել, քան մյուս հակամարտությունները: Ես չեմ հասկանում, թե ինչու են լրատվամիջոցներն այդքան քիչ ուշադրություն դարձրել հատկապես շրջափակմանը: Մի ամբողջ ժողովրդի ինն ամիս շրջափակում են, եւ ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»,- ասում է Մասիմինոն:

Միջազգային էական ճնշումների բացակայության դեպքում, ակնհայտ է թվում, որ Ադրբեջանը շարունակելու է դատավարությունները։ Մասիմինոն ասում է, որ, ի պատասխան, արեւմտյան երկրները պետք է զգալի քայլեր ձեռնարկեն։ «Խնդիրի մասին խոսելուց բացի՝ (արեւմտյան երկրները) պետք է սկսեն վերանայել իրենց տնտեսական հարաբերություններն այս ավտորիտար ռեժիմի հետ: Անպատժելիության մակարդակը, որն Ադրբեջանը վայելում է, շատ, շատ բարձր է։ Ուստի, պատժամիջոցը տարբերակներից մեկը կլինի, միգուցե որոշ տնտեսական կապերի խզում լիներ, որպեսզի ստիպեն ռեժիմին ազատ արձակել այս բանտարկյալներին՝ ե՛ւ ռազմագերիներին, ե՛ւ նախկին առաջնորդներին», – ասում է Մասիմինոն:

Դավիթ Վարդանյանին էլ նշում է, որ Ադրբեջանն ամբողջությամբ անհասանելի է դարձրել դատավարությունը. «Նրանք հիմա նույնիսկ սպառնում են զրկել փաստաբանին, որին մենք մեծ դժվարությամբ ենք գտել, որ պաշտպանի հորս շահերը: Նրանք մերժել են փաստաբանի բոլոր միջնորդությունները՝ դատավարությունը երկարաձգելու, ինտերնետ հասանելիություն ստանալու, այն ամենը, ինչը կարող էր թույլ տալ նրան պատշաճ կերպով նախապատրաստվելու։ Նրանք լիովին անտեսում են թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ սեփական օրենքները: Մեզ մնում է միայն փորձել այս կեղծ դատավարությունը հնարավորինս տեսանելի դարձնել հանրության համար»:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՋԱԿՑԵԼ

Կառավարությունը պարտավոր է շարունակել արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերը. ստեղծված իրավիճակը շատերին կստիպի մտածել սեփական հայրենիքից հեռանալու մասին։ Այս մասին նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախցիների համար նախատեսված սոցիալական հատկացումներն առաջիկայում փոփոխություններ են կրելու` կրճատվելու տեսքով, ինչը մարդկանց մոտ բավականին մեծ անհանգստություններ է ստեղծել:

Հասկանալի է, որ պետությունը չի կարող անվերջ սոցիալական մեծ ներարկումներ անել, սակայն արցախցիների տապալված բնակարանային ծրագիրն ու ժամկետային առումով անբավարար սոցիալական հատկացումները մեծ խնդիրներ են առաջացնելու:

Կառավարությունը պարտավոր է այս փուլում եւս կարիքների վերագնահատում անել եւ վերանայել իր «տապոռային» մոտեցումը ու դեռ որոշակի ժամանակահատված պետք է շարունակի սոցիալական աջակցության ծրագրերը: Հակառակ դեպքում՝ առաջիկա գարնանը ստեղծված իրավիճակը շատերին կստիպի մտածել արտագնա աշխատանքի եւ սեփական հայրենիքից հեռանալու մասին» – հայտնել է պատգամավորը։

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

«2023 թվականի համար հայտարարագիր ներկայացրել է 59.031 անձ։ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումից հետո հայտարարագիր ներկայացրել է 4.451 անձ»,- այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր 2024 թվականի հայտարարագիրը պետք է ներկայացնեն մինչեւ 2025-ի նոյեմբերի 1-ը: Այս տարվանից պետությանը պետք է հաշվետու լինեն, թե որքան գումար են աշխատում, որտեղից եւ ինչ միջոցով։

 

 

ԻՆՉ ՆԱԽԱԳԻԾ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ. նախատեսվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։

Աշխատանքային օրենսգրքում նոր լրացվող՝ 102.2-րդ հոդվածով նախատեսվում է, որ թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու եւ թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը, ինչպես նաեւ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանում է Կառավարությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ մշակվել է նշված նախագիծը։

Նախագծով նախատեսվում է սահմանել, որ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է։

Միաժամանակ Նախագծով նախատեսվում է, որ թվային համակարգին հասանելիություն է տրամադրվելու`

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին.

Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը։

Նախագծով նախատեսվում է նաեւ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգավորումները։

Հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել Հայաստանի Հանրապետությունում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։

 




Լրահոս