Armenian text to speach

ԾԱԽՍԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԹՎԵՐԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանի եւ իր գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ 4,5 անգամ ավելի մատչելի է եղել, քան 2 օրում Սեւանի շուրջը կատարած «փաշինյանական հեծանվավազքը»։ Հիշեցնենք, որ 15 մլն դրամ՝ գրեթե 40 հազար ԱՄՆ դոլար էր արժեցել Սեւանի շուրջ երկօրյա հեծանվավազքը։

Փետրվարի 3-ից 7-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը եղել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, որի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվել է 3 մլն 361 հազար 119 դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան հայտնել էին Վարչապետի աշխատակազմից։

Իհարկե, Վարչապետ Փաշինյանի այցը Ամերիկա շատ հարցեր է առաջացրել, եւ գրեթե որեւէ մեկը պատասխան չի ստացել։ Թե ինչ էր անում հայկական պատվիրակությունը վարչապետի մակարդակով Վաշինգտոնում անցկացվող 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի նախաճաշին, եւ թե ինչ էր կորցրել աթեիստ Արսեն Թորոսյանը «Ազգային աղոթքի նախաճաշին» վարչապետի եւ կառավարական պատվիրակության հետ, հարցական է։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր նաեւ Ազգային ժողովի աշխատակազմ եւ հետաքրքրվել, թե որքան է արժեցել Արսեն Թորոսյանի այցը ԱՄՆ։

Հարցմանն ի պատասխան հայտնել էին. «Սույն թվականի փետրվարի 3-6-ը Վաշինգտոն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի գործուղման ճանապարհածախսի ընդհանուր գումարը կազմել է 586 հազար դրամ»,- նշված է հարցման մեջ։ Բայց ԱՄՆ ավիատոմսը միայն մոտավորապես 400 հազար ՀՀ դրամ է, հարց է առաջանում՝ որտեղ է գիշերել Թորոսյանը 186 հազար դրամով, ինչով է սնվել այդ դեպքում:

Փաշինյանի հրապարակումներից հասկանում ենք, որ Աննա Հակոբյանն ուղեկցել է նրան, սակայն պատվիրակության կազմում Հակոբյանի անունը բացակայում էր։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից փոխանցել էին, որ Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ մեկնելու ծախսերը կատարվել են անձնական միջոցների հաշվին։

Կարճ ասած, Փաշինյանն ու իր թիմակիցները սկսել են պաշտոնապես քիչ ցույց տալ իրենց ծախսերը, որոնք ակնհայտորեն ավելի շատ են, քան պաշտոնական պատասխաններում արտացոլվածը:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել սահմանագծում եւ սահմանազատում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների հատման կետից, սակայն զինծառայողների ծնողների ահազանգի համաձայն՝ այդ գործընթացում ներգրավվելու են նաեւ ՀՀ զինված ուժերը։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ հասկանալու համար, թե ճիշտ են արդյոք նման տեղեկությունները։ Ստացել էինք հետեւյալ պատասխանը. «Հայտնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Համաձայն գործող Կանոնակարգի 1-ին եւ 2-րդ հոդվածների 2-րդ մասերի, 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ սահմանազատման աշխատանքները եւ համալիր միջոցառումները իրականացվում են բացառապես հանձնաժողովների, փորձագիտական խմբերի, ինչպես նաեւ աշխատանքներում ներգրավվող փորձագետների եւ մասնագետների կողմից»,- ասված է պատասխանում։  Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ուներ, որ հայտնի սահմանազատումը սկսվելու է Գեղարքունիքի մարզից՝ Ճամբարակ եւ Սոթք համայնքներից։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե կոնկրետ որ կետերից է սկսվելու սահմանագծումն ու սահմանազատումը։ Նախարարությունից լրացուցիչ ժամանակ են խնդրել հարցմանը պատասխանելու համար, սակայն արտաքին գործերի նախարարությունից հարցմանը պատասխանել էին հետեւյալ կերպ. «Ըստ 2025 թվականի հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների միջեւ պետական սահմանին սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների միջեւ պետական սահմանին սահմանազատման պետական հանձնաժողովի 11-րդ հանդիպման արդյունքների՝ Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ, եւ համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների հատման կետից, եւ այնուհետեւ հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչեւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասված է հարցմանն ի պատասխան։

Այսինքն, սահմանազատում տեղի է ունենալու նաեւ Իրանի եւ Վրաստանի հետ:

Հարկ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների անխախտելիության եւ տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության իր դիրքորոշումը։

Օրինակ՝ 2025 թվականի փետրվարի 4-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է, որ «տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենեւին ընդունելի չէ»։

 

 

 

 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր վարքով չի դադարում զարմացնել ոչ միայն հասարակ քաղաքացիներին, այլեւ մասնագետներին՝ հոգեբաններին։ Հոգեբան Միհրդատ Մադաթյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ ուսումնասիրելով, հոգեվերլուծության ենթարկելով Ալեն Սիմոնյանի հրապարակումները, գրառումները, նկատել է, որ երբեմնի դերասանն անձնային աճ չի ապրել եւ մնացել է իր չստացված դերասանի կարգավիճակում։

Հարկ է նշել, որ Ալեն Սիմոնյանը հասարակության լայն շերտերում տպավորված է, սակայն ոչ լավ վարքագծով։ Բանն այն է, որ ԱԺ նախագահին հիշում են քաղաքացու վրա թքելու միջադեպով։ Իսկ ի՞նչ բացատրություն ունի հոգեբանական տեսանկյունից մարդու վրա թքելը: Հոգեբանի խոսքով՝ Սիմոնյանն իրեն փղի հետ է համեմատում, սակայն ավելի լավ կլիներ, որ համեմատեր ուղտի հետ։ Հոգեբանն ընդգծել է, որ կենդանուն՝ ուղտին, թքելու համար ոչ ոք չի պատժում, եւ Ալեն Սիմոնյանի դեպքում եւս այդպես է, ոչ ոք չպատժեց նրան:

Հարկ է նշել, որ Մադաթյանը կարծում է, թե Վահագն Ալեքսանյանը «ավելի շատ տեքստուրա ունեցող կերպար է, քան Ալեն Սիմոնյանը», եւ վերջինիս դեմ ոչ ոք չի պայքարում՝ եղած-չեղած մի հաշիվ է։

Հետաքրքիրն այն է, որ հոգեբանը նշում է՝ Սիմոնյանն իրեն դրել է Դոն Կոռլեոնեի տեղը, ինչը կարող է անգամ նորածինն անել՝ ԱԺ աթոռին նստելով։ Մեր զրուցակիցը հիշեց առասպելը, որ պտտվել է, թե Ալեն Սիմոնյանն իր հոր գերեզմանն է վաճառել, սերիալներում երրորդական դերեր է կատարել… կարճ ասած՝ աճ չի ապրել, նույն տեղում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

 

Սահմանադրական դատարանի նախագահ Արմեն Դիլանյանը ջանում է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին տանել ՍԴ:

ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր: Նրա տեղը ՍԴ-ում մնում է թափուր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը մտադիր է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ՍԴ տանել որպես դատավոր: Այս մասին Դիլանյանը հասցրել է նաեւ Նիկոլ Փաշինյանին, ու հիմա սպասում են նրա համաձայնությանը, բայց Փաշինյանը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել: Նա երկմտում է, քանի որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը դատարկ կմնա, իսկ ՔՊ-ի ներսում չկա համապատասխան գիտելիքներով ու փորձով մեկը, ում կնշանակեն այդ պաշտոնին: Արմեն Դիլանյանը մտերիմ շրջապատում հայտարարել է, որ Վլադիմիր Վարդանյանն իշխանության ներկայացուցիչ է, բացի դրանից փորձ ունի ոլորտում, ծանոթ է Սահմանադրական դատարանի անցուդարձին, տարբեր տարիների պաշտոններ է զբաղեցրել ՍԴ-ում, ուստի, ըստ Դիլանյանի, Վլադիմիր Վարդանյանը լավագույն կադրն է:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՍԴ Հանրային կապերի բաժին՝ տեղեկությունը ճշտելու, որտեղից էլ փոխանցեցին. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու մասին սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, տեղեկացվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Սահմանադրական դատարանի նոր դատավորն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածով սահմանված կարգով:

Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու:

Ինչ վերաբերում է հնարավոր թեկնածուի վերաբերյալ ոչ ֆորմալ քննարկումներին, ապա, տեղեկացնում ենք, որ ՍԴ նախագահի մասնակցությամբ որեւէ քննարկում չի եղել։

Սահմանադրական դատարանի նախագահի համար դատավորի ցանկացած թեկնածուի դեպքում նախընտրելի չափորոշիչները հստակ են՝ ՍԴ դատավորի համար օրենքով սահմանված պահանջներին համապատասխանություն, մասնագիտական եւ բարոյական բարձր որակներ»:

 




Լրահոս