«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով անցած շաբաթ հրաժարական տվեց, ըստ մեր տեղեկությունների՝ արդեն իսկ լքել է կառավարական առանձնատների «Հրազդան» համալիրը, որտեղ ընտանիքի հետ բնակվում էր 2008 թվականից՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Ընդ որում՝ Տիգրան Սարգսյանի՝ ամառանոցում լինել-չլինելը վեր էր ածվել «պետական գաղտնիքի»։ Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից հետաքրքրվեցինք, թե լքե՞լ է արդյոք Սարգսյանը ամառանոցը, նա խորհուրդ տվեց զանգահարել Կառավարության հասարակայնության եւ լրատվության բաժնի պետ Սուսաննա Տոնոյանին։ Վերջինս էլ նշեց, որ ինքը տեղեկություն չունի ու հորդորեց դիմել Բերբերյանին։ Կառավարական ամառանոցից նույնպես փորձեցինք պաշտոնապես իմանալ՝ լքե՞լ է արդյոք ամառանոցը Սարգսյանը, թե ոչ, սակայն այդպես էլ պատասխան չստացանք։
Հ. Գ. Նշենք, որ կառավարական ամառանոցների «Հրազդան» համալիրում այժմ բնակվում են Սերժ Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Պնախարար Սեյրան Օհանյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հովիկ Աբրահամյանը այստեղ չի բնակվում եւ չի բնակվել. հիշեցնենք, որ նա «Հաղթանակ» զբոսայգում ԱԺ շենքի նմանությամբ տուն ունի։ Հարցը հետեւյալն է. եթե Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվի, արդյո՞ք կառավարության շենքի նախագծով առանձնատան շինարարություն է ձեռնարկելու»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: