«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում միջազգային ընդունված չափանիշներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ուղեկցությամբ, շրջայց է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում այս պահին գտնվում է 505 ազատազրկված: Տարիներ շարունակ մի շարք կազմակերպությունների կողմից բարձրաձայնվել և շարունակվում է ներկայացվել այս հիմնարկի ընդհանուր վիճակի, խնդրահարույց պայմանների վերաբերյալ տարբեր արձանագրումներ և զեկույցներ: Ամենաթարմը թերևս նախորդ տարվա երկրորդ կիսամյակին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության կողմից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրներն էին, որոնց շտկմանն ուղղված աշխատանքներին էր տեղում ծանոթանում նախարարը:

Կոսմետիկ և հրատապ, այդ թվում կազմակերպչական լուծում պահանջող խնդիրների մի մասն արդեն լուծվել է, որոշ մասն էլ ընթացքի մեջ է: Քրեակատարողական ծառայության ուշադրության կենտրոնում է դիտարկման արդյունքներով արձանագրվածի շտկումը, սակայն հիմնարկի շենքային պայմանները շատ դեպքերում պարզապես հնարավորություն չեն տալիս խնդիրների հիմնովին վերացմանը: Ուստի այդ պայմաններում հնարավոր է միայն դրվագային լուծումներ տալ առկա մտահոգիչ արձանագրումներին:

Նկատենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում անազատության մեջ գտնվողների պահման վայրի միջազգային ընդունված չափանիշներին»,- նշված է հաղորդագրությունում:




Լրահոս