
Երգիչ Էրիկ Կարապետյանն օրերս ինստագրմյան իր միկրոբլոգի էջում հրապարակում էր կատարել, որ իր հայտնի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ադրբեջանցիները գողացել են և այդ առթիվ էլ հարցին տվել է իրավական ընթացք։
Նշենք, որ Էրիկի երգը ադրբեջաներեն կատարվել է ռուսական առաջին ալիքով Անդրեյ Մալախովի հաղորդման ընթացքում։
Երգիչը հայտնել էր, որ երգն արդեն երկրորդ անգամ առանց իր որևէ թույլտվության հնչել է աղավաղված տարբերակով, և երգը ներկայացվել է որպես ադրբեջանական։
Այսօր պարզ դարձավ, որ Մալախովի հաղորդումից հեռացվել է այն հատվածը, որտեղ ադրբեջաներեն կատարվում է Էրիկ Կարապետյանի երգը։
Հարկ է նշել, որ «Песни от всей души» հաղորդման ինստագրամյան էջի մեկնաբանություններում իրական բողոքի ալիք է բարձրացել, ինչից հետո էլ հաղորդման փետրվարի 16-ի եթերից հեռացվել է ադրբեջանցի երգիչների կատարման հատվածը։
Հավելենք, որ երգիչ Էրիկ Կարապետյանի երգը գրվել է հենց երգչի կողմից 2018 թվականին Երևանում, իսկ խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։
Աննա Սրապիոնյան