
Երգիչ Էրիկ Կարապետյանը կրկին հայտնվել է ադրբեջանական թիրախում։
ArmLur.am-ը ավելի վաղ գրել էր, որ Մալախովի հաղորդման ժամանակ ադրբեջանցիները կատարել են Էրիկ Կարապետյանի հայտնի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ադրբեջաներեն, ներկայացնելով, որ դա իրենց երգն է։ Իհարկե այս փաստը զայրացրեց շատերին և բողոքի ձայնը ստիպեց, որ հաղորդումից հեռացվի երգի աղավաղված տարբերակը։
Արդեն այսօր ինստագրամյան իր միկրոբլոգի էջում Էրիկ Կարապետյանը հրապարակում է կատարել, որով հայտնում է, որ ադրբեջանցիները հարձակվել են իր յութուբյան ալիքի վրա։
«Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր։ Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ յութուբյան ալիքի վրա՝ կեղծ հղումներ անելով, ջնջել 6 երգ՝ նշելով, որ դրանք էլ են ադրբեջանական։ Եվ իհարկե իրենց սովոր ձևով՝ շանտաժի միջոցով փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը, որը մենք արդեն հեռացրել ենք յութուբից և երբեք չենք վերականգնելու։ Իմ երգերը մոտ օրերս կվերականգնվեն անկասկած, իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում և ընդհանրապես չեն կանգնեցնելու՝ անգամ, եթե ջնջեն բոլոր հաշիվներ։ Ցավոք չեմ կարող չնշել․ այս օրերին մինչ ես պայքարում եմ ադրբեջանցիների դեմ իմ իրավունքները վերականգնելու համար՝ իմ հայրենակիցներից ոմանք նյութեր են տեղադրում «սկանդալ, վիճաբանություն, գումարներ, բամբասանք» և այլ սխալ ու անհիմն վերնագրերով՝ արատավորելով իմ անունն ու համբավը։ Կոչ եմ անում դադարեցնել այդ ամենն ու չխանգարել ինձ՝ կարևոր պայքարում»,- գրել է Էրիկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Էրիկ Կարապետյանը հարցին տվել էր իրավական ընթացք, սակայն այս անգամ իրավական հարցերի մասին ոչ մի խոսք չկա։
Աննա Սրապիոնյան