
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառում էր արել նախորդ տարեվերիջին և հայտնել, որ Հրազդանի կիրճում, Արագածի (ոչ թե Արարատի) խրոխտ հայացքի ներքո էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան, որը մայրաքաղաքի այցեքարտներից մեկն էր:
« Սա դեռ սկիզբն է: Շուտով էքսկավատորի թեթև կովշով գրողի ծոցը կուղարկվի առնվազն 10 մետր հաստությամբ հարուստ հնագիտական շերտ` քարի դարից մինչև ուշ միջնադար թվագրվող իրերով: Անձրևից հետո, այստեղով անցնելիս կարելի է միջնադարյան ջնարակած խեցեղենի մնացորդներ հավաքել: Տեղանքը հոշոտելուց հետո այստեղ շենք կկառուցվի: Ավելի լավ է չտեսնեք դրա գեղագիտական անատոմիան, այլապես քաղաքապետարանի շենքի վրա հանգիստ կարելի է գրել Անատոմիկում -2 Ասածս ի՞նչ է, սիրելի երևանցիներ: Ասենք՝ Ժաննա Անդրեասյանն իր տեղում չի, հնագետները ենթարկվում են ազգագրագետներին, բա են թավշուկներ սպասարկող իրավապաշտպանները, առաջադեմ ֆեմինիստուհիներն ու նորաթուխ լրագրող-վերլուծաբանները չեն կարող Պետրոս Ղազարյանի գլխավորությամբ կանգնեն ձորի պռնկին ու մի լավ ցույց անեն: Ես էլ տեսնեմ իմ պատշգամբից ու սիրտս մի քիչ հովանա: Պեղումներ սկսեք այ…, հետո Ձեր ճաշակները հանձնեք բետոնին: Մշակութային եղեռնագործություն, կամ ցտեսություն Հին Երևան նախագիծ, մեր օրեր…»,- գրել էր Դեմոյանը։
ArmLur.am-ը ուրբաթ՝ մարտի 14-ին, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի բրիֆինգի ժամանակ հարց ուղղեց, թե ով է պատասխանատու այս բնական հուշարձանի պղծման համար, այն դեպքում, երբ հուշարձանը 2008 թվականից գտնվում է պետական պահպանության տակ և գրանցված է հուշարձանների ռեեստրում։ Մամուլի քարտուղարը խոստացավ ճշտել և պատասխանել։ Խնդրել էինք նաև պարզել, թե ինչ կարգավիճակում է հուշարձանն այժմ, արդյոք շինթույլտվություն տալիս հաշվի չի առնվել հուշարձանի առկայության գործոնը։
Եվ այսպես պատսխանը շատ չուշացավ․
«Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ս. Փարաջանովի փողոցի հ.8 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շենքի կառուցման աշխատանքներն իրականացվում են Երևան համայնքի կողմից 14.10.2024 թվականին տրված հ.01/50-02-1833-24 շինարարության թույլտվության համաձայն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված հասցեի հարակից տարածքում հաշվառված բնության հուշարձանները գտնվում են կառուցապատվող օբյեկտի սահմաններից դուրս և քանդման աշխատանքների ընթացքում բնության հուշարձանների վնասման դեպքեր չեն արձանագրվել:
Նշենք նաև, որ 2024թ. նոյեմբերի 11-ին նշված հասցեի կառուցապատողի նկատմամբ, Երևան քաղաքի ավագանու 16.03.2012թ. N 405-Ն որոշմամբ սահմանված լրացուցիչ պայմանները չպահպանելու համար, մասնավորապես, օդի մոնիթորինգի սարքի բացակայության հիմքով, վարչական իրավախախտման վերաբերյալ 157.15-րդ հոդվածի երրորդ մասի հիմքով կազմվել է համապատասխան արձանագրություն»,-հայտնեցին քաղաքապետարանից։
Եթե քաղաքապետի տված շինթույլտվության մեջ չի մտնում ժայռային հուշարձանի հատվածը, ապա անհասկանալի է, թե ինչպես են բնության հուշարձանները տաշվել և փորվել։ Քաղաքապետարանը հավաստում է, որ քանդման աշխատանքների ընթացքում բնության հուշարձանների վնասման դեպքեր չեն արձանագրվել, սակայն փաստերն այլ բան են վկայում:
Էմմա Միքայելյան