
Մինչ Փաշինյանը պարծենում է, որ նոր ճանապարհ է կառուցում Սյունիքի մարզում, դրան զուգահեռ իրականությունում հենց Ներքին Հանդի պատմամշակութային արժեքները խոշտանգվում և հավասարեցվում են հողին:
Իշխանությունը լուռ հետևում է։ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան հերթական տեսանյութն է հրապարակել, որ «Կապանից Տաթև տանող Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհը կառուցված է» և կից նշել է իր հայտնի հեշթեգը՝ «#ինչպեսխոստացելէի: Այդպես էլ անհասկանալի է երբ և ում է ինչ-որ բան խոստացել Փաշինյանը, գուցե ադրբեջանական կողմին է խոստացել, որ հայաստանապատկան հողերը պետք է հերթով հանձնել:
Հավելենք նաև, որ մինչ հպարտորեն պարծենում է Փաշինյանը իր կառուցած ճանապարհով, մի քանի կիլոմետր այն կողմ, ինչպես հայտնել էր «Հրապարակ»-ը, Ներքին Հանդում Ադրբեջանը քանդում և ավերում է Ներքին Հանդում տեղադրված Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը։ Ընդ որում Ներքին Հանդում ադրբեջանցիներ են հայտնվել և գյուղի գերեզմաններն անգամ իրենց տնօրինման տակ վերցրել հենց Փաշինյանի օրոք:
Հիշեցնենք նաև, որ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանը ավերել և հողին էր հավասարեցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Արցախի Հանրապետության Կառավարության շենքը, հիմնահատակ քանդել էին Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին և այսպես շարունակ։
Փաշինյանը նախընտրական ֆոնին հպարտանում է մեկ մետր ասֆալտով, այնինչ Արցախում և նույնիսկ ՀՀ ինքնիշխան տարածքում հազարամյա պատմությունը հավասարվում է հողին և դառնում ճանապարհ Ալիևի ոտքի տակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան