Armenian text to speach

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ՈՒ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ԿԱՌԵՐԵՍՎԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախաքննական մարմինը առաջիկայում կհարցաքննի Սամվել Բաբայանին։ Ավելին՝ դատելով ստեղծված իրավիճակից՝ նախաքննական մարմինը առերեսում կկազմակերպի «Ազգային-ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի միջեւ։ Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանը երկու ամիս առաջ տված հարցազրույցում հայտարարել էր, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իրեն է զանգահարել Ժիրայր Սեֆիլյանը եւ վիրավորական արտահայտություն հնչեցրել սպանվածներից մեկի հասցեին: Բաբայանի հարցազրույցի այդ հատվածն օրերս խորհրդարանում հնչեցրել էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հորդորելով գլխավոր դատախազին ուսումնասիրել այդ դրվագը:

Այդ հորդորից հետո Քննչական կոմիտեում «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի շրջանակում հարցաքննվեց Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Հարցաքննությունից հետո Սեֆիլյանն «Ազատության» հետ զրույցում «կեղծիք» եւ «անհեթեթություն» էր որակել Բաբայանի պնդումները:

Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի կողմից Սամվել Բաբայանի խոսքերը «անհեթեթություն» եւ «կեղծիք» որակելուն, ապա վերջինս նպատակահարմար չի գտնում մեկնաբանել այն, քանի որ այդ դեպքում ազգային նշանակության այդ գործը կիջեցվի անձնական բանավեճի մակարդակի, ինչից չի շահի բուն քննությունը:

Եվ ահա, քննության շրջանակում նախաքննական մարմինը, ենթադրվում է, որ կհարցաքննի Սամվել Բաբայանին։ Այս անձանցից բացի այլ անձանց եւս կկանչեն հարցաքննության: Իսկ ովքեր են նրանք. մանրամասները կիմանանք առաջիկայում։

 

 

 

 

 

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից՝ փոխարենը ծառայության անցնելով, եւ կամ ազատման համար համապատասխան վճար կատարելով, ունի հստակ սահմանված գումարի սահմանաչափ։

Պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը հետախուզման մեջ գտնվող 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատվելու քրեական հետապնդումից եւ անցնելու զինվորական ծառայության ստորեւ նշված եղանակներով.

 

«1) 24 ամիս ժամկետով

2) 12 ամիս ժամկետով եւ 2,5 մլն դրամ պետբյուջե վճարելով

3) 6 ամիս ժամկետով եւ 5 մլն դրամ պետբյուջե վճարելով

4) 1 ամիս ժամկետով եւ 8 մլն դրամ պետբյուջե վճարելով

5) Զինվորական ծառայության փոխարեն՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելով»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու, թե 27 տարին լրացած քանի անձ է դիմել ՊՆ, վճարել համապատասխան գումարն ու կրճատել պարտադիր զինվորական ծառայության տարիները։ Պաշտպանության նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը՝

««Զինվորական ծառայության մասին եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջների համաձայն՝ 67 քաղաքացի, ՀՀ պետական բյուջե վճարելով 2.5 մլն դրամ, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։

Նույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի պահանջների համաձայն՝ 71 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 15 մլն դրամ, որից 63 քաղաքացին՝ 27 տարին լրացած եւ օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած, 8-ը՝ սահմանված ժամկետում զինվորական հաշվառման չկանգնած։

Մինչեւ սույն թվականի մայիսի 5-ը ՀՀ 2 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 2,5 մլն դրամ եւ զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության 12 ամիս ժամկետով։

24 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 8 մլն դրամ եւ զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության 1 ամիս ժամկետով»,- նշեցին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։

Այս տեմպերով հայկական բանակը դառնում է «աղքատների» բանակ:

 

 

 

 

Ինչո՞ւ են հավաքվում դատավորները։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների ժողով հրավիրելու պատճառն այն է, որ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներից մեկի տեղը թափուր է, դատավորները պետք է հավաքվեն ու կառավարման խորհրդի դատավոր անդամ ընտրեն։ Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հրամանով դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Ըստ հրամանի՝ ընդհանուր ժողովը նախատեսված է 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ին։ Թե ինչ օրակարգով է ժողով հրավիրվել, չէին մանրամասնել։

 

 

 

 

Ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգ խցերում արձանագրված դաժան ծեծի ահազանգից գրեթե մեկուկես ամիս անց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, վերջապես, այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ եւ հանդիպել ցմահ դատապարտյալներին։ Հասարակության շրջանում հարցեր են առաջանում՝ արդյո՞ք սա փորձ է մեղքերը քավելու, իրավիճակը մեղմելու եւ դատապարտյալներին հանգստացնելու, որպեսզի վերջիններս զերծ մնան հետագա բողոքներից։

Արձանագրենք, որ ապրիլի 3-ի դեպքերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) եւ 454-րդ հոդվածի 2-րդ մասով (պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը)։

Հարցն այն է, թե ինչու հենց այդ օրերին Գալյանը չգնաց «Նուբարաշեն» եւ չլսեց ծեծի ենթարկված դատապարտյալներին՝ առաջին ձեռքից պարզելու կատարվածի մասշտաբը։ Ինչո՞ւ է հիմա փորձում մարդասիրական ժեստեր անել։ Միգուցե քրեական վարո՞ւյթն է մտահոգում նախարարին, եւ նա փորձում է կանխել հնարավոր բացահայտումները՝ քաղաքական ու հանրային հետեւանքներից խուսափելու համար։

Չի բացառվում նաեւ, որ այս այցը նպատակ ունի շահել դատապարտյալների սրտերը՝ ներսի լարվածությունը մեղմելու եւ վարչական համակարգում վստահությունը վերականգնելու համար։ Ոմանք չեն բացառում, որ իրավիճակը մեղմելու ճանապարհին հնարավոր են պաշտոնանկություններ՝ վերեւից ցած՝ ուղղահայաց սկզբունքով։

Թե ինչ զարգացումներ կհետեւեն նախարարի ուշացած այցին, հայտնի կդառնան ժամանակի ընթացքում։ Իսկ այս շրջանում մնում է միայն հուսալ, որ բանտի փակ դռների հետեւում իրականում մարդասիրություն է դրսեւորվում, ոչ թե քաղաքական հաշվարկ:

 

 




Լրահոս