Ուկրաինան ակտիվորեն պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին, որի հիմնական թեման կարող է դառնալ Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպանն Նարիման Ջելյալը։
Դեսպանի խոսքով, ուկրաինական կողմը ներկայումս ինտենսիվ աշխատում է Էրդողանի այցի կազմակերպման ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ է հրավիրել Էրդողանին, և, ինչպես նշել է Ջելյալը, թուրք առաջնորդը հաստատել է այդ հրավերը վերջին հանդիպման ժամանակ։
«Այս այցը պահանջում է մեծ ջանքեր, քանի որ կան մի շարք հարցեր, որոնք խոչընդոտում են դրա իրականացմանը», – նշել է դեսպանը։
Նա ընդգծել է, որ այցի հիմնական թեման կարող է լինել ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը, ինչը կարևոր է ինչպես ռազմավարական գործընկերության, այնպես էլ ուկրաինական բիզնեսի համար։
Հիշեցնենք, որ Եվրոպական միությունը 2022 թվականի հունիսին ժամանակավորապես չեղարկել էր մաքսատուրքերը ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքների համար՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։ Ուկրաինայի ազգային բանկի գնահատմամբ, հունիս-դեկտեմբեր ամիսներին արտահանման զուտ կորուստները կկազմեն մոտ 800 միլիոն դոլար։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի


























































































