Armenian text to speach

Խորհրդարանական լսումներ երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարության մեր գործընկերները մշակել են օրենսդրական փաթեթ, որի նպատակն է երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծումն ու ամրապնդումը՝ միջազգային պարտավորությունների լիարժեք կատարման եւ երեխայի լավագույն շահի ապահովման նպատակով: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ սեպտեմբերի 22-ին բացելով «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը, երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով խորհրդարանական լսումները:

Ռուստամ Բաքոյանի խոսքով դեռեւս 1996 թվականին ընդունված «Երեխաների իրավունքների մասին» գործող օրենքը թեեւ փոփոխությունների է ենթարկվել տարիների ընթացքում, սակայն համապարփակ չի արտահայտում առկա խնդիրների համակարգային բոլոր կարգավորումները: «Առաջարկվող օրենսդրական փաթեթը հնարավորություն կտա համակարգային լուծումներ ապահովել երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում, ներդնել երեխայակենտրոն եւ համայնքահեն մոտեցումներ ու ձեւավորել միջազգային չափանիշներին համահունչ օրենսդրական դաշտ»,- ընդգծել է Ռուստամ Բաքոյանը:

Նա հավելել է, որ հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել, եւ Ազգային ժողովն այն ընդունել է առաջին ընթերցմամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է օրենսդրական փաթեթի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումների անցկացումը: «Մեր երեխաները մեր հույսն են, մեր վաղվա պայծառ գալիքի երաշխավորը: Նրանց աչքերում մենք պետք է տեսնենք ոչ թե անպաշտպանություն կամ վախ, այլ՝ անսահման հնարավորություններ եւ անսասան վստահություն: Հենց դրա համար է, որ պետությունը եւ պետական մարմինները երեխաների իրավունքների պաշտպանությունը պահում են եւ շարունակելու են պահել ուշադրության կենտրոնում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երեխաների պաշտպանությունը պարզապես սոցիալական քաղաքականություն չէ, այլ մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անկախության, անվտանգության եւ բարեկեցիկ ապագայի հիմքն է:

Նրա ներկայացմամբ ՀՀ-ն վճռական հանձնառություն է ստանձնել երեխաների իրավունքների ներառման, արդարության եւ պաշտպանության սկզբունքների պահպանման հարցում: Խոսելով պետության կողմից իրականացված ծրագրերի մասին՝ Արսեն Թորոսյանը նշել է, որ երեխայի այլընտրանքային խնամքի շարունակական բարեփոխումների իրականացման արդյունքում շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների թիվը գրեթե հինգ անգամ կրճատվել է: 2018-2025 թվականներին խնամատար ընտանիքներում գրանցվել է խնամքի կազմակերպման ծավալի կտրուկ աճ: Անդրադառնալով առողջապահական համակարգում իրականացված բաեփոխումներին՝ նախարարն ընդգծել է, որ 2019 թվականի հուլիս ամսից մինչեւ 18 տարեկան բոլոր անչափահասների համար հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակում, իսկ Կառավարության կողմից ներկայում իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, ըստ նախարարի, նպաստելու է նոր կրթական միջավայրի ստեղծմանը:

«Մենք պարտավոր ենք ապահովել, որ յուրաքանչյուր երեխա Հայաստանում մեծանա այնպիսի միջավայրում, որտեղ սերն ու պաշտպանությունն ավելի ուժեղ են, քան անտարբերությունն ու վտանգը»,- նշել է Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ այդ միջավայրը պետք է լինի առանց պատերազմի, վախի եւ կորստի ցավի: Նա շեշտել է, որ միայն խաղաղության պայմաններում է հնարավոր կառուցել ուժեղ պետություն եւ ապահովել երեխաների անվտանգությունը: Օրենսդրական նախաձեռնության ընդունումը, ըստ նախարարի, վճռական քայլ է դեպի ավելի արդար, ներառական եւ երեխայակենտրոն Հայաստան:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին կարեւորել է օրենքի նախգծի համապարփակ քննարկումը՝ համառոտ խոսելով երեխաների պաշտպանությանը վերաբերող մի շարք առաջնահերթությունների մասին:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարեւորել է լսումների անցկացումը՝ նշելով ոլորտում բազմազան խնդիրների առկայությունը: Անահիտ Մանասյանն անդրադարձել է լուծման կարիք ունեցող ոլորտային մի քանի խնդիրների, որոնցից էին երեխաների նկատմամբ տարատեսակ բռնությունները՝ ֆիզիկական, սեռական եւ այլն: Մյուս խնդիրը խնամակալության եւ հոգաբարձության մարմինների աշխատանքի կատարելագործումն է, որը, ըստ զեկուցողի, պետք է տեղի ունենա հենց նշված մարմինների կատարելագործման միջոցով: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաեւ երեխայի կարծիքն իր տարիքին եւ հասունությանը համապատասխան հաշվի առնելու կարեւորությունը, որը բացակայել է մինչ այժմ: Պաշտպանը խնդրահարույց է համարել նաեւ երեխային որպես սեփականություն համարելու մտայնությունը: «Մենք բոլորս, համատեղ ուժերով, պետք է կարողանանք պատշաճ քայլեր ձեռնարկել՝ այս բոլոր խնդիրները համակարգային առումով վերացնելու եւ դրանց լուծումներ գտնելու համատեքստում»,- շեշտել է նա:

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ընդգծել է օրենսդրական փաթեթի կարեւորությունը երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ապա անդրադարձել կրթության ոլորտում իրականացվող գործընթացներին եւ բարեփոխումներին՝ ուղղված երեխաների կրթության իրավունքի լիարժեք ապահովմանն ու իրացմանը, կրթության որակի բարձրացմանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր փորձագետներին, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, գլխադասային հանձնաժողովի պատգամավորներին՝ օրենսդրական փաթեթի շուրջ համակողմանի եւ համապարփակ աշխատանք ծավալելու համար: Նա ներկայացրել է օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունների առանցքային դրույթները:

Բանախոսները պատասխանել են լսումների մասնակիցների հարցերին:

Քննարկման մասնակիցներից շատերն իրենց ելույթներում անդրադարձել են օրենսդրական փաթեթին, կարեւորել փաթեթի ընդունումը, առանձնապես ընդգծել երեխաներին տարատեսակ բռնություններից պաշտպանելու անհրաժեշտությունը:

Ամփոփելով՝ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական լսումների մասնակիցներին արդյունավետ, բովանդակային քննարկում ծավալելու համար:

Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, Կառավարության ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական, այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:




Լրահոս