33-ամյա Կառլեն Խաչատրյանը իր բնակարանում 2013թ. հունվարի 23-ին ալկոհոլի ազդեցության տակ ծեծել է կնոջը` Արփինե Հարությունյանին, իսկ ավելի ուշ ինքնասպանության փորձ է արել:
Armlur.am-ին հայտնի տվյալների համաձայն` Խաչատրյանը ավելի ուշ ոստիկանությունում սուտ ցուցմունք է տվել, թե անհայտ անձը դանակահարել է իր որովայնին:
Ոստիկանությունը հետագայում պարզել է, որ դանակահարությունը եղել է ոչ թե անհայտ անձի կողմից, այլ այն ժամանակ, երբ Խաչատրյանը փորձել է ինքնասպան լինել:
Այս պահին Խաչատրյանի մասով քրեական գործը գտնվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում:
Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Խաչատրյանը իրենց Նորքի 4 զանգ. Գյուլիքեխվյան 12 Ա շենքի 11 բնակարանում ալկոհոլային հարբածության վիճակում ծեծի է ենթարկել կնոջը` Արփինե Հարությունյանին` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:
Բացի այդ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, մտացածին ծանր հանցագործության վերաբերյալ 2013թ. փետրվարի 7-ին գրավոր հաղորդում է տվել ոստիկանության Նոր Նորք բաժնին այն մասին, որ Նորքի 7 զանգվածի Ավետիսյան և Դավիթ Բեկի խաչմերուկում վիճաբանել է անհայտ անձի հետ:
Վիճաբանության ժամանակ վերջինս դանակով հարվածել է իր որովայնի շրջանին, մարմնական վնասվածքներ պատճառել և դիմել փախուստի:
Սակայն 07.02.2013թ. ժամը 14.30-ի սահմաններում ոգելից խմիչքի ազդեցության տակ իրենց հիշյալ բնակարանից, վերցնելով խոհանոցային դանակը, դուրս է եկել և, ինքնասպանություն կատարելու նպատակով, հագուստները բարձրացրել է և աջ ձեռքում գտնվող դանակով հարվածել է իր որովայինի ձախ շրջանին` ինքն իրեն պատճառելով ծակած կտրած թափանցող վերքի ձևով ծանր մարմնական վնասվածք:
Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց նշանակվել է ստորագրությամբ չհեռանալը, և մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի և 333 հոդվածի 1 մասի չափանիշներով: