60-ամյա պատմություն ունեցող Ծիծեռնակաբերդի հորշահամալիրը վերանորոգվում է։ Աշխատանքների համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հատկացրել է 743 մլն 34 հազար 625 դրամ, որը համարժեք է 1,6 մլն ԱՄՆ դոլարի։
Ամիսներ առաջ մեկնարկած աշխատանքները բուռն քննարկում են առաջացրել համացանցում։ Օգտատերերը մտահոգություն ունեն, որ իշխանությունները շինաշխատանքները դիտմամբ կերկարաձգեն, որպեսզի 2026 թվականի ապրիլի 24-ին Հուշահամալիր այցը խոչընդոտեն։
Ինչպես արձանագրել է ArmLur.am-ը հիմնանորոգվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժության տաճարի 12 բազալտե մույթերը (խոնարհված սյուները)։
ԶԼՄ-ների հետ զրույցում թանգարանի տնօրենությունը պնդել է, որ տարիներ շարունակ իրենք բարձրաձայնում էին, որ հուշահամալիրի եւ թանգարան-ինստիտուտի կառուցման հենց սկզբից ջրահեռացման համակարգեր չեն կառուցվել, եւ դրա պատճառով տարիներ շարունակ ջուրն անընդհատ լցվել է մույթերի մեջ, ինչի հետեւանքով բազալտե քարերի տեղաշարժեր են տեղի ունեցել։ Հուշահամալիրի ներսում արդեն անվտանգության խնդիր էր առաջանում։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի եւ թանգարանի հիմնանորոգման եւ բարեկարգման 2025 թվականի աշխատանքների համար նախարարությունը պայմանագիր է կնքել «Բիդեք» ՍՊԸ- ի հետ։
Ընկերության սեփականատերերից մեկը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին է` Դավիթ Սեդրակյանը։
Համաձայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Բիդեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականի ապրիլի 15-ին։ Մինչեւ 2019 թվականը ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը եղել է Գառնիկ Ավետիսյանը. Ավետիսյանը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընկերն է։ 2019 թվականի փետրվարի 14-ից Գառնիկ Ավետիսյանն իր բաժնեմասի 75 տոկոսը փոխանցել է Դավիթ Սեդրակյանին, եւ մինչեւ օրս բաժնեմասերի հարաբերակցությունը չի փոխվել։
Երեւանի ավագանու մի քանի անդամ բարձրաձայնել եւ արձանագրել են, որ շինաշխատանքների ընթացքում առկա են բազում խախտումներ. Արշակ Սարգսյանը բարձրաձայն էլ էր այդ մասին։ Իրականացվող աշխատանքները ուղիղ միացմամբ ներկայացրել է նաեւ ավագանու ընդդիմադիր անդամ Արմենակ Դանիելյանը՝ նշելով, որ զրուցել է տեղի շինարարներից մեկի հետ, ով էլ հայտնել էր՝ շինարարությունը տեւելու է մեկ տարի։
Հիշեցնենք, որ ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965 թվականի մարտի տասնվեցին որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ:
Հուշահամալիրը կառուցվեց ռեկորդային արագությամբ՝ երկու տարում, հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թվականի նոյեմբերի 29-ին:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ



















































































