ArmLur.am-ի լրագրողը ասուլիսի ժամանակ հարց է հնչեցրել Արթիկի ՔԿՀ պետի տեղակալի որդու և մի քանի այլ աշակերտների կողմից անչափահաս տղային ծեծի ենթարկելու վերաբերյալ։
Ինչո՞ւ աշխատանքից չի ազատվել «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալը, որի որդին Զորականում իր հասակակիցների հետ ծեծել էր մի տղայի և տեսագրել դա հեռախոսով։
Այս հարցին ի պատասխան՝ Գալյանը լրագրողներին կոչ արեց իրավիճակին նայել այլ տեսանկյունից. Ռուբեն Գասպարյանի որդին միջադեպից հետո 20 օր կալանքի տակ է պահվել, և ոչ ոք նրան «գրավով չի ազատել»։ Ըստ Սրբուհի Գալյանի` դա դրական զարգացում է։ Նրա խոսքով` առայժմ Գասպարյանին աշխատանքից ազատելու հիմքեր չկան։ Եթե լինեն, արդարադատության նախարարությունը կվերանայի հարցը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես Զորական գյուղի բարձր դասարանի մի քանի աշակերտներ ծեծի են ենթարկում և նվաստացնում Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային։ Տեսանյութը նկարահանվել է հենց ծեծկռվի մասնակից անչափահասների կողմից։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերին։ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները հայտնաբերել են տեսանյութում երևացող բոլոր անձանց, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմնին։
Քննչական կոմիտեից էլ տեղեկացրել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նշենք նաև, որ Զորական գյուղում դաժան ծեծի հեղինակներից մեկը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































