Armenian text to speach

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի ներկայացուցիչները հյուրընկալվել են ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյուկ Տրիանգլին եւ կազմակերպության գործադիր քարտուղար Անտոն Լեպիկին: Հյուրերին ուղեկցում էին ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը եւ կազմակերպության նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Հայաստանում արհմիությունների ուժեղացմանը, ոլորտային օրենսդրության բարեփոխմանը, աշխատավորների համար առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանը, այդ ուղղությամբ իրականացվող օրենսդրական աշխատանքներին:

Հյուրերը, մասնավորապես, կարեւորել են Հայաստանի կողմից «Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիա, 2019 թ.» կոնվենցիայի վավերացումը՝ ընդգծելով դրա դրույթների կիրարկումը, որը կդառնա գործիքակազմ՝ աշխատավայրերում ապահովելով հատկապես կանանց անվտանգությունը ոտնձգություններից եւ բռնություններից:

Անդրադարձ է եղել նաեւ ոլորտային այլ կոնվեցիաների, որոնք վերաբերում էին աշխատավորների ազատություններին, նրանց կողմից գործադուլներ անելու իրավունքներին, այդ ուղղությամբ Հայաստանի ազգային օրենսդրության բարեփոխման ուղղությամբ իրականացվող գործողություններին:

Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է ոլորտում իրականացված եւ ընթացող աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ երկար ժամանակ է, ինչ աշխատանքներ են ընթանում՝ բարեփոխելու «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքը: Փոփոխությունների նպատակն աշխատավորների իրավունքների պաշտպանության համար ուժեղ եւ հզոր գործիք ունենալն է:

Այս համատեքստում Հերիքնազ Տիգրանյանն ընդգծել է գործատուից ֆինանսապես անկախ արհմիություն ունենալու կարեւորությունը:

Զրուցակիցները կարեւորել են համագործակցության շարունակականությունը:




Լրահոս