Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ամենակարևոր խնդիրը, որը դրել է իր առաջ, այն է, որ օպերայի և բալետի թատրոնը պիտի լինի այն բարձունքում, որում եղել է նախկինում: «Մի 10 օրվա ընթացքում դեռ շուտ է ինչ-որ բաներ հայտարարել»,- ասաց տնօրենը:
Ինչ վերաբերում է Ռուդոլֆ Խառատյանի` գլխավոր բալեսմայստերի պաշտոնից հեռանալուն, Արզումանյանի խոսքով` պրն Խառատյանը սեփական ցանկությամբ է հեռացել. «Իր խնդրանքով իրեն նշանակել ենք որպես հրավիրված գլխավոր բալետմայստեր, որպեսզի նա զբաղվեր իր ստեղծագործական աշխատանքով»:
Ռուդոլֆ Խառատյանի փոխարեն գլխավոր բալետմայստեր է նշանակվել Վիլեն Գալստյանը, որը, ըստ Արզումանյանի, մեծ օգուտ կբերի մեր թատրոնին:
-Պրն Արզումանյան, իսկ կադրային ջարդ լինելո՞ւ է:
-Դեռ կադրային ջարդ անելը շուտ է, բայց քանի որ մեզ մոտ կառուցվածքային փոփոխություններ մինչև հուլիս ամիսը սպասվում են, բնականաբար կադրային փոփոխություններ կլինեն: Բայց կադրային ջարդին կողմնակից չեմ առաջին օրվանից:
-Նոր կադրեր բերելիս ի՞նչ չափորոշիչով եք առաջնորդվելու:
-Միմիայն պրոֆեսիոնալիզմի չափորոշիչով:
-Ձեր նշանակման առաջին օրվանից եղան հայտարարություններ այն մասին, որ դուք Հասմիկ Պողոսյանի ու Արմեն Սմբատյանի «մարդն եք», ում բերել են, որ աշխատանք ունենա: Հիմա Դուք ո՞ւմ «մարդն եք»:
-Ես մամայիս ու պապայիս «մարդն եմ»:
-Իսկ նման խոսակցություններին ինչպե՞ս եք վերաբերում:
-Ես ամբողջ օրն աշխատում եմ, ուշադրություն չեմ դարձնում նման խոսակցությունների: Ես զարմանում եմ` ինչպե՞ս են մարդիկ հասցնում աշխատել, եթե ամբողջ օրը նման խոսակցություններով են զբաղվում:
Սոնա Դավթյան