«Ժողովուրդ» օրաթերթը «Ժողովուրդի հարցերը» հաղորդման ընթացքում բլից հարցեր է հղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին։
-Տիկի՛ն Գրիգորյան, եթե մեկ նախադասությամբ նկարագրեք Ձեր անձնական նպատակը քաղաքականության մեջ, ինչպե՞ս կձեւակերպեք։
-Մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ, ապահով եւ բարեկեցիկ։
-Մի բան, որը շատերը չգիտեն Ձեր մասին։ Փորձենք չակերտներ բացել։
-Չգիտեմ ինչ պատասխանել… Ես այն եմ, ինչ տեսնում եք հիմա։ Ինչ կերպով մարդիկ ինձ լսում կամ տեսնում են հրապարակայնորեն, հենց այդպիսին եմ ես։
-Ո՞րն է այն կարմիր գիծը, որը երբեք չեք անցնի քաղաքական պայքարում։
-Կարծում եմ՝ անձնական կյանք ներխուժելը։ Այն, ինչ իշխանությունն այսօր անում է՝ մարդկանց անձնական կյանքում ուղղակի միջամտություն ունենում։
-Ո՞ր հարցում եք Ձեզ միայնակ զգում խորհրդարանում։ Եկեք անկեղծ լինենք։
-Ինձ միայնակ չեմ զգում, բայց նույնիսկ եթե միայնակ լինեի, նույնպես նորմալ կընդունեի։ Մարդը ելույթ է ունենում իր քաղաքական համոզմունքների հիման վրա, ոչ թե նրա համար, որ իր հետեւում տասը մարդ կանգնի ու գովի։ Եթե որոշում եմ, որ ինչ-որ բան պետք է ասեմ, ապա անպայման ասում եմ։
-Ընդդիմադիր լինելը ավելի շատ առավելությո՞ւն է, թե՞ ճնշում։
-Չեմ տեսնում այստեղ որեւէ առավելություն։ Հատկապես այսօր ընդդիմադիր լինելը ոչ մի առավելություն չի տալիս։ Դրան գումարվում է, որ ընդդիմադիրները եւ նրանց ընտանիքի անդամները մշտապես ճնշումների ներքո են ու կարծես մշտապես մանրադիտակի տակ։
-Եթե հնարավորություն ունենայիք ընդդիմության աշխատանքում փոխել մեկ բան, ո՞րը կլիներ։
-Ավելի համակարգված, հաստատուն եւ համարձակ աշխատանք։ Երբեմն տպավորություն է, թե իշխանությունն է աշխատում ընդդիմության ֆորմուլայով, իսկ ընդդիմությունը՝ իշխանության։
-Երեք խորհուրդ աղջիկներին ու կանանց, որոնք ցանկանում են ներգրավվել քաղաքականության մեջ։
-Լինել համարձակ, ոչ մի թիրախավորումից չնահանջել։ Հնարավորինս շատ շփվել մարդկանց հետ ու կապեր հաստատել, որովհետեւ քաղաքականության մեջ այդ կապերը մշտապես օգնում են։
-Ձեր ամենաուժեղ կողմը՝ երեք բառով։
-Ուժեղ՝ չգիտեմ, բայց ինձ բնութագրող երեք բառ կարող եմ ասել. ես խոնարհ մարդ եմ, արդարամիտ եւ խիզախ։
-Ո՞վ է Ձեր համար քաղաքականության մեջ չափանիշային կերպար։
-Գոլդա Մեիրը։
-Եղե՞լ է պահ, երբ ցանկացել եք դուրս գալ քաղաքականությունից։ Ե՞րբ եւ ինչո՞ւ։
-Այո՛, եղել է նման պահ։ Արցախի ամբողջական կորստից հետո՝ 2023 թվականին։ Քանի որ 2020-ին քաղաքականություն մտնելու իմ հիմնական շարժառիթը Արցախն էր՝ գոնե պահպանել այն, ինչ մնացել էր։ Մինչ այդ տարբեր փողոցային պայքարներ ենք արել, խորհրդարանում եղել են լարված իրավիճակներ։ Եվ Արցախի կորստից հետո որոշ ժամանակ կարծում էի, թե իմ քաղաքական մասնակցությունն այլեւս իմաստ չունի։ Բայց կարողացա հաղթահարել այդ փուլը՝ հասկանալով, որ դեռ կան վտանգներ, որոնց դեմ պետք է պայքարել։
-Ձեր կյանքի երեք սկզբունքները, որոնց երբեք չեք դավաճանի։
-Միշտ մնալ հավատարիմ ինքս ինձ ու իմ սկզբունքներին, օգնել մարդկանց՝ անկախ նրանից ով են, եւ լինել հնարավորինս արդարամիտ։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՆՈՐ ՆԻՍՏԸ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ
ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այսօր տարբեր ՔՊ-ականներ պետք է ներկայանան ՔՊ վարչության նիստին:
Բանն այն է, որ վարչության նիստում «քասթինգ» է հայտարարված, ու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում առաջադրված թեկնածուները պետք է վարչությանը ներկայացնեն, թե ինչու են ցանկանում պատգամավոր դառնալ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչության նիստերի ժամանակ 20 անդամները տարբեր հարցեր են տալիս ՔՊ ցուցակի թեկնածուներին, «հարցաքննում» նրանց: Գլխավոր հարցադրողը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է:
Հիշեցնենք, որ նախընտրական ցուցակում առաջադրվել են 383 թեկնածուներ, որոնցից պետք է մոտ 200-ը ընտրվեն ՔՊ նախընտրական հիմնական ցուցակում ընդգրկվելու համար:
ՔՊ-ում հատկապես կանանց շրջանում թեժ մրցակցություն է, թե ով պետք է լինի ՔՊ-ի ցուցակի անցողիկ տեղերում։
ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ԸՆԴԱՌԱՋ
2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ բավականին ակտիվ է գործում արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պարբերաբար փակ հանդիպումներ են ունենում հետեւյալ քաղաքական ուժերը՝ «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ), «Սասնա ծռեր», «Ապրելու երկիր», նոր ձեւավորված, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի «Նժար» շարժում, իրավապաշտպան Վիկտոր Մնացականյան եւ այլ քաղաքական ուժեր ու դեմքեր։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր տեղեկությունները հաստատեց Վիկտոր Մնացականյանը։
«Այո, ձեր կողմից նշված ուժերի հետ մենք հանդիպումներ ունենում ենք։ Իհարկե, այդ հանդիպումներից այս պահին մանրամասներ հայտնել չեմ կարող»,- ասաց Մնացականյանը։
Հարցին` ի՞նչ հարցերի շուրջ են համաձայնության եկել, ունե՞ն միասնական թեկնածու, թե ոչ՝ Մնացականյանը նշեց, որ առայժմ ժամանակը չէ խոսելու այս հարցերի վերաբերյալ։
Վիկտոր Մնացականյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր այն տեղեկությունը, որ այս ուժերը նաեւ հանդիպում են ունենում նոր ձեւավորված «Միասնության թեւեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի հետ։ Ի պատասխան մեր այդ հարցին՝ նա, եզրափակելով զրույցը, նշեց, որ համարյա թե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների հետ հանդիպում-քննարկումներ ունենում են։
Նշենք, որ համապետական ընտրություններին ակտիվ են գործում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող «Հայաստան» դաշինքը եւ բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կողմից նոր ձեւավորված «Մեր ձեւով» շարժումը։
Ինչ պատկեր ենք ունենալու 2026 թվականին` առայժմ, իհարկե, վաղ է ասել, բայց նախորդող իրադարձությունները մեզ հուշում են, որ ամեն ինչ այնքան էլ հանգիստ ու հանդարտ ընթացք չի ունենալու։
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ






























