Armenian text to speach

ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը եւ ArmLur.am-ը 2025 թվականի տարեսկզբից սկսել են «Կյանքը ճաղերի հետեւում» հաղորդաշարը, որի շրջանակում անդրադառնում ենք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների կյանքին, խնդիրներին եւ ճակատագրերին։

«Ժողովուրդ» օրաթերթը իր ընթերցողներին ներկայացնում է այն դեպքերը, երբ հաղորդման ընթացքում դատապարտյալների կողմից բարձրաձայնված խնդիրները մասնակի կամ ամբողջությամբ լուծում են ստացել։ Այդպիսի օրինակներից մեկը վերաբերում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալներից մեկին՝ Արմեն Գրիգորյանին (հարգելի պատճառներով անուն-ազգանունը փոխված է), որը դատապարտվել էր ազատազրկման 8 տարի եւ 3 ամիս ժամկետով, եւ արդեն շուրջ երեք տարի գտնվում էր նշված ՔԿՀ-ում։

Մեր զրուցակցի խոսքով՝ կուտակված պարտքերը, ծանր հոգեբանական վիճակը եւ աշխատանք չունենալը նրան դրդել էին 2021 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 10:18-ի սահմաններում, գազային ատրճանակով մուտք գործել Երեւանի Արշակունյաց պողոտա 34/4 հասցեում գտնվող «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում գործող բանկերից մեկը։

Դատապարտյալի հետ ունեցած հարցազրույցը հանրային մեծ արձագանք էր ստացել, իսկ տեսանյութը հավաքել էր զգալի դիտումներ։

Վերադաս մարմիններից ստացված տեղեկությունների համաձայն՝ մեր լրատվամիջոցի անդրադարձը, ինչպես նաեւ դատապարտյալի դիմումը էական ազդեցություն են ունեցել գործի հետագա ընթացքի վրա։ Արդյունքում՝ 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության նախագահը ներում է շնորհել մեր զրուցակցին, եւ նա ազատ է արձակվել։

 

 

 

ՊԵՐՈՒԱՑԻ ԿՆՈՋԸ ԿԱՐՏԱՀԱՆՁՆԵՆ ՊԵՐՈՒ

Բարձրաձայնված հաջորդ խնդիրը պակաս կարեւոր չէ եւ լուծում է ստացել նաեւ «Ժողովուրդ»-ի՝ դարձյալ «Կյանքը ճաղերի հետեւում» հաղորդաշարի հերթական թողարկման արդյունքում։

2025 թվականի մարտին «Ժողովուրդ» օրաթերթի «Կյանքը ճաղերի հետեւում» հաղորդաշարի շրջանակում առանձնազրույց էինք ունեցել Մարիա Ալվարադո Ֆլորեսի հետ։ Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել այն հիմքով, որ Պերուում անհայտ անձից վերցնելով մոտ 1,5 կիլոգրամ կոկաին՝ թմրամիջոցը թաքցրել էր երկու ճամփորդական ուսապարկերի գաղտնարաններում եւ տեղափոխել Հայաստան՝ այստեղ այն փոխանցելու նպատակով։ Թմրամիջոցը բացահայտվել էր «Զվարթնոց» օդանավակայանում։

2015 թվականին դատարանը Մարիա Ալվարադո Ֆլորեսին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, որոնցից 10 տարին նա արդեն անցկացրել էր կանանց քրեակատարողական հիմնարկում:

Մեզ հետ զրույցում պերուացի կինը խնդրում էր աջակցել իրեն՝ Պերու տեղափոխվելու հարցում, որպեսզի կարողանա վերադառնալ ընտանիքի մոտ։

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումներն ու հաղորդման շրջանակում արված անդրադարձը նույնպես իրենց ազդեցությունն են ունեցել. արդարադատության նախարարության եւ արտաքին գործերի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում գործընթաց է սկսվել Պերուի Հանրապետության հետ, եւ արդեն նախաձեռնություն կա, որ Մարիա Ալվարադո Ֆլորեսը կտեղափոխվի Պերու։ Պերուական կողմը տվել է իր համաձայնությունը, սակայն պայմանով, որ տեղափոխման ֆինանսական ծախսերը կհոգա Հայաստանի Հանրապետությունը։

Վերոնշյալ ձեռքբերումները վկայում են հետեւողական աշխատանքի, պատասխանատու մոտեցման եւ հստակ նպատակների մասին։ Առաջիկայում եւս շարունակվելու են նախաձեռնությունները՝ ուղղված կայուն առաջընթացին եւ նոր արդյունքների գրանցմանը։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿՈՆՋՈՐՅԱՆԻՆ ՀԱՐՑ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ

Դեկտեմբերի 17-ի պաշտոնական գրությամբ ԱԺ աշխատակազմը գրավոր նախազգուշացում է ուղարկել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին եւ ArmLur-ի լրագրող Սոնա Գրիգորյանին՝ արձանագրելով, որ նա ԱԺ-ում «մասնագիտական գործունեություն է իրականացրել չթույլատրված վայրում», փորձել է մեկնաբանություն հարցնել պատգամավորից, պատգամավորը հրաժարվել է պատասխանելուց, իսկ հաջորդիվ հրապարակվել է նյութ  ArmLur-ում։

 

Այսինքն` հարց տալու եւ դրրա առիթով նյութ գրելու համար լրագրողը պատժվոմ է:

Գրությունը ստորագրված է աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից։

Այդ փաստաթղթում նշվում է, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դիմում է ներկայացրել՝ պնդելով, որ դեկտեմբերի 3-ին ԱԺ-ի ճաշարանում «առանց թույլտվության» լրագրողը աշխատել է։

Այսինքն՝ իշխող խմբակցության ղեկավարը բողոքարկում է լրագրողի գործողությունը, իսկ վարչական մեքենան դա վերածում է կարգապահական գործընթացի։ Մինչդեռ ստում է Կոնջորյանը, քանի որ Սոնա Գրիգորյանն իրեն ճաշարանում չի մոտեցել եւ կադրերը ֆիքսված են բոլոր տեսախցիկներով:

ԱԺ աշխատակազմը հղում է անում լրագրողների հավատարմագրման կարգին՝ շեշտելով, որ լրագրողը պետք է աշխատի միայն հատուկ առանձնացված վայրերում կամ պատգամավորի հետ նախապես համաձայնեցված հատվածում, եւ հիշեցնում է նաեւ ԱԺ նախագահի հաստատած անվտանգության կանոնները՝ «հատուկ վերահսկելի գոտիներում» լրագրողական գործունեությունն արգելելու մասին ու նաեւ սպառնում, նույն կարգով աշխատակազմը կարող է սկսել ոչ միայն նախազգուշացման, այլեւ հավատարմագրումը դադարեցնելու գործընթաց ։

Մի կողմ թողնենք ազատ տեղաշարժի սահմանափակման անթույլատրելի կարգի կարգավորումները.  պետք է արձանագրենք, որ լրագրողը ՊՊԾ աշխատակցից թույլտվություն վերցրել է եւ կանգնել միջանցքում՝ սպասելով կոնջորյանին: Իսկ ՔՊ վերնախավը՝ Կոնջորյանն ու աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ փաստացի պատժում են լրագրողին «հարց տալու» համար: Եվ այստեղ երեք դերակատարների պատասխանատվությունն է կուտակվում մեկ կետի վրա

ա) ԱԺ նախագահը, որի կանոններն այսօր չեն օգտագործվում թափանցիկությունը, հաշվետվողականությունն ապահովելու համար, փոխարենը լրագրողի կողմից հարց տալը ապօրինություն է որակվում:

բ) Աշխատակազմի ղեկավարը, որը չեզոք ադմինիստրացիա լինելու փոխարեն փաստացի հանդես է գալիս ՔՊ-ի կամակատարի դերում:

գ) ՔՊ խմբակցության ղեկավարը, որը, ունենալով քաղաքական եւ հանրային հաշվետվողականության պարտավորություն, խուսափում է պատասխանել հարցին՝ բողոք գրելով լրագրողի դեմ, ինչը վարչական ճնշում է:

Իսկ ինչն է իրականում խնդիրը. Կոնջորյանը չի ցանկանում բացատրել, թե ինչպես է իր եղբոր ընկերոջից շուկայականից ցածր գնով առանձնատուն գնել, դասավորել գործերն այնպես, որ մինչեւ 55 մլն կազմի արժեքը, որ եկամտահարկից օգտվի եւ քիչ գումար ծախսելով՝ դղյակի տեր դառնա. այս փաստերը բացահայտել է «Հետք»-ը:

Կոնջորյանն ու իր մի քանի մլն դրամ ամսական աշխատվարձ ստացող տիկինը՝ «Հայփոստ»-ի տնօրեն Շուշանիկ Ալեքսանյանը, ակնհայտորեն հարստանում են տարեցտարի, բայց հաշվետվություն ու պարզաբանում տալուց խուսափում են:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս