Armenian text to speach

Զանգվածայի բռնություններ Մեքսիկայում՝ ազդեցիկ նարկոբարոնի սպшնությունից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մեքսիկայում լայնածավալ բռնություններ են բռնկվել այն բանից հետո, երբ երկրի անվտանգության ուժերը ռազմական գործողության ընթացքում ոչնչացրել են ազդեցիկ նարկոբարոն Նեմեսիո Ռուբեն Օսեգերա Սերվանտեսին, որը հայտնի էր «Էլ Մենչո» մականունով։

Մեքսիկայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 59-ամյա Օսեգերան վիրավորվել է զինվորների հետ բախման ժամանակ Խալիսկո նահանգի Տապալպա քաղաքում և մահացել է Մեխիկո տեղափոխվելու ճանապարհին։ Նրա ձերբակալման համար ԱՄՆ-ը սահմանել էր 15 միլիոն դոլարի պարգևավճար։

Օսեգերան ղեկավարում էր «Խալիսկո Նոր Սերունդ» կարտելը (Jalisco New Generation Cartel՝ CJNG), որը համարվում է երկրի ամենահզոր քրեական կազմակերպություններից մեկը։

Գործողությունից հետո բռնությունների ալիք է բարձրացել առնվազն վեց նահանգներում՝ Խալիսկոյում, Կոլիմայում, Միչոականում, Նայարիտում, Գուանախուատոյում և Տամաուլիպասում։ Զինված անձինք հրկիզել են ավտոմեքենաներ և փակել մայրուղիներ։

Խալիսկոյի մայրաքաղաք Գուադալախարան, որը նախատեսվում է հյուրընկալել առաջիկա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության մի շարք հանդիպումներ, կիրակի երեկոյան գրեթե դատարկվել է․ բնակիչները փակվել են իրենց տներում։ Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար վազում օդանավակայանում ։

Խալիսկոյի նահանգապետ Պաբլո Լեմուսը բնակիչներին կոչ է արել մնալ տներում և կասեցրել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Մի շարք նահանգներում երկուշաբթի օրը չեղարկվել են  դասերը։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X սոցիալական հարթակում գովաբանել է երկրի անվտանգության ուժերին և կոչ արել պահպանել հանգստություն՝ նշելով, որ նահանգների կառավարությունների հետ առկա է «ամբողջական համակարգում», և երկրի մեծ մասում իրավիճակը վերահսկելի է։

Հիշեցնենք, որ Օսեգերան համարվում է վերջին տարիներին չեզոքացված ամենախոշոր մեքսիկացի նարկոբարոններից մեկը՝ Խոակին Գուսման («Էլ Չապո») և Իսմայել Սամբադայի ձերբակալություններից հետո, որոնք ներկայումս գտնվում են ԱՄՆ- ում՝  կալանքի տակ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն ողջունել է գործողությունը՝ Օսեգերային անվանելով «ամենաարյունալի և անողոք նարկոբարոններից մեկը» և այն որակել որպես «կարևոր զարգացում Մեքսիկայի, ԱՄՆ-ի, Լատինական Ամերիկայի և ամբողջ աշխարհի համար»։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս