Մեքսիկայում մսակեր պտուտակավոր որդ ճանճի՝ New World screwworm (NWS), տարածման հետևանքով 2025-2026 թվականներին մարդկանց մոտ գրանցվել է ավելի քան 500 վարակման դեպք։ Նոր ուսումնասիրությունը 2025 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի մարտը հաստատված 202 դեպքի վերլուծությունից հետո արձանագրել է, որ վարակման տեմպը զգալիորեն աճել է՝ 2025-ին շաբաթական մոտ 3 դեպքից հասնելով 2026-ին՝ ավելի քան 9-ի։
Հաստատված դեպքերից 6-ը մահվան ելքով են ավարտվել, ընդ որում՝ առնվազն մեկ դեպքում մահվան անմիջական պատճառ է համարվել հենց վարակը։ Հիվանդների 72 տոկոսը տղամարդիկ են եղել, իսկ դեպքերի մեծ մասը՝ հիմքում ընկած առողջական խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում։
NWS ճանճը ձվերը դնում է մարդկանց և կենդանիների վերքերի կամ բաց մարմնական հատվածների մեջ։ Դրանցից դուրս եկած թրթուրները սնվում են կենդանի հյուսվածքով՝ առաջացնելով արագ խորացող և ցավոտ վերքեր, որոնք ծանր դեպքերում կարող են հանգեցնել մկանների, աճառի ու ոսկորների վնասման, սեպսիսի և մահվան։
Տասնամյակներ տևած պայքարից հետո ճանճը վերացվել էր Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներից, սակայն 2022 թվականին կենսաբանական պատնեշի խախտումից հետո այն կրկին տարածվեց տարածաշրջանում։ 2024-ից Մեքսիկայում սկսեցին գրանցվել կենդանիների վարակման դեպքեր, որոնց թիվն այժմ անցել է 36 հազարը։
Մասնագետները նշում են, որ կենդանիների և մարդկանց շրջանում վարակների տարածումը փոխկապակցված է, ուստի անհրաժեշտ են խիստ վերահսկողություն, վաղ ախտորոշում և ճանճի տարածման կանխարգելման միջոցառումներ։ ԱՄՆ-ում ևս 2026 թվականի հունիսից կենդանիների մոտ գրանցվել են դեպքեր, սակայն մարդկանց շրջանում վարակման դեպք առայժմ չի արձանագրվել։



























