Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն հայտարարել էր, որ Սլովակիայի էլեկտրացանցի օպերատորը երկուշաբթի օրվանից մերժելու է Ուկրաինայից ստացվող արտակարգ էլեկտրաէներգիայի մատակարարման բոլոր դիմումները, մինչև վերականգնվեն նավթի հոսքերը «Դրուժբա» խողովակաշարով։ Հավելենք, որ այս հայտարարությունը լարում է հում նավթի մատակարարման շուրջ ծագած վեճը։
Հայտարարությունը հնչել է Բրյուսելում եվրոպացի նախարարների հանդիպումից ժամեր անց, որտեղ փորձ էր արվել համոզել Սլովակիային և նրա հարևան Հունգարիային հետ կանգնել Ուկրաինային պատժելու սպառնալիքներից՝ նավթի մատակարարման ուշացումների պատճառով։
Ռուսական նավթի մատակարարումները Սլովակիա և Հունգարիա դադարեցվել են հունվարի 27-ից, երբ Ուկրաինան հայտնել էր, որ արևմտյան Ուկրաինայում ռուսական անօդաչուի հարվածը վնասել է խողովակաշարի սարքավորումները։ Կիևը հայտարարել էր, որ հնարավորինս արագ վերականգնում է վնասված հատվածը։
Սլովակիան և Հունգարիան, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են և ունեն Եվրամիության միակ երկու նավթավերամշակման գործարանները, որոնք շարունակում են կախված մնալ «Դրուժբա» խողովակաշարով մատակարարվող նավթից, մեղադրում են Ուկրաինային՝ մատակարարումների երկարատև դադարեցման համար։
Սա համարվում է Ուկրաինայի և նրա երկու հարևանների միջև առաջացած ամենալարված վեճերից մեկը։
«Այսօրվանից, եթե ուկրաինական կողմը դիմի Սլովակիային՝ ուկրաինական էներգետիկ ցանցը կայունացնելու հարցում աջակցություն ստանալու համար, այդպիսի աջակցություն չի ստանա», — նշել է Ֆիցոն։
Նրա խոսքով՝ որոշումը կչեղարկվի նավթի տարանցման վերականգնումից հետո։ Ֆիցոն ընդգծել է, որ սա «փոխադարձ առաջին քայլն» է, որը Սլովակիայի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ չխախտելով միջազգային որևէ պարտավորություն։
Վարչապետը նաև զգուշացրել է, որ եթե Ուկրաինան շարունակի վնասել Սլովակիայի շահերը ռազմավարական հումքի մատակարարման հարցում, Բրատիսլավան կարող է վերանայել իր նախկին կառուցողական դիրքորոշումը Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության հարցում և պատրաստել լրացուցիչ միջոցառումներ։
Կիևում գործող ExPro խորհրդատվական ընկերության տվյալներով՝ այս ամսվա ընթացքում Հունգարիան և Սլովակիան ապահովել են Ուկրաինայի ներմուծվող էլեկտրաէներգիայի 68 տոկոսը։ Սակայն պարզ չէ՝ արդյոք այդ ցուցանիշը ներառում է նաև արտակարգ մատակարարումները։
Հեղինակ՝ Անի Վարդանյան




























