ArmLur.am-ը կայքը ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական հայտարարագրերի՝ թանկարժեք նվերների հաշվառման բաժինը և պարզել, որ ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանի կողմից հաշվառվել է 336,500 դրամ արժեքով արարողակարգային նվեր։
Նվերը հանձնվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արարողակարգի ղեկավար Վլադիսլավ Կիտաև Նիկոլաևիչի կողմից, ով հանդիսանում է ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ։ Նա նվերը փոխանցել է որպես պաշտոնական արարողակարգային ժեստ։
Նվերի ստացումը տեղի է ունեցել 2026 թվականի ապրիլին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում։ Նշվում է, որ նվերը տրվել է պաշտոնական արարողակարգի շրջանակում՝ այցի ընթացքում իրականացված հանդիպումների և միջոցառումների ընթացքում։
Հաշվառված նվերը ներառում է թանկարժեք սննդամթերքի և ալկոհոլային արտադրանքի հավաքածու։ Փայտե տուփ, որը իր մեջ պարունակում է՝ 3 շիշ գինի, 1 շիշ օղի, 1 շիշ կոնյակ, 4 տուփ պանրի տեսականի, 3 հատ երշիկի տեսականի, 1 հատ պաշտետ, 3 տուփ ծխեցված ձկան տեսականի, 1 ապակյա տարա կրաբի ձողիկներ, 1 ապակյա տարա կարմիր ձկնկիթ և 1 տարա սև ձկնկիթ:
Հայտարարագրում նշվում է, որ նվերի արժեքը գնահատվել է 336,500 դրամ՝ մի քանի բաց աղբյուրներից ստացված գների միջինացման արդյունքում։
Նվերի դասակարգման համաձայն՝ այն համարվում է պետական կամ պաշտոնական այցերի և աշխատանքային հանդիպումների շրջանակներում տրամադրվող արարողակարգային նվեր, որոնք ընդունված են դիվանագիտական պրակտիկայում։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տվյալների համաձայն՝ նման նվերները ենթակա են պարտադիր հաշվառման՝ պետական ծառայողների թափանցիկության ապահովման նպատակով։
Սոնա Գրիգորյան

























































































