Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայաստանի և աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Ամեն տարի այս օրը հարյուր հազարավոր մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որի շինարարությունն ավարտվել է 1967 թվականին, դարձել է Երևանի ճարտարապետական կարևոր խորհրդանիշներից մեկը։ Այն կառուցվել է Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ։ Նախաձեռնողը եղել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, իսկ բացումը տեղի է ունեցել 1967 թվականի նոյեմբերի 29-ին՝ Անտոն Քոչինյանի մասնակցությամբ։
Հուշահամալիրը նախագծել են ճարտարապետներ Արթուր Թարխանյանն ու Սաշուր Քալաշյանը։ Այն կառուցված է բարձունքի վրա և իր պարզ, բայց խորհրդանշական ուրվագծերով արտահայտում է ցեղասպանությունը վերապրած ժողովրդի ցավն ու վերածնունդը։ Համալիրը զբաղեցնում է շուրջ 4500 քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական հատվածներից՝
- Հուշապատ՝ շուրջ 100 մ երկարությամբ, որտեղ փորագրված են հայաշատ բնակավայրերի անունները,
- Հավերժության տաճար՝ 12 մույթերով և անմար կրակով,
- «Վերածնված Հայաստան» հուշասյուն՝ 40 մ բարձրությամբ։
Հուշահամալիրի մաս է կազմում նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որը բացվել է 1995 թվականին՝ Մեծ եղեռնի 80-րդ տարելիցին։ Այն այսօր հանդիսանում է գիտահետազոտական կենտրոն և ունի ընդլայնված ցուցադրական տարածք՝ շուրջ 2400 քմ, 12 սրահներով։ Այստեղ ներկայացված են հազարավոր փաստաթղթեր, լուսանկարներ և նորահայտ նյութեր՝ նաև ժամանակակից մուլտիմեդիա լուծումներով։
Տարիների ընթացքում հուշահամալիրը համալրվել է նաև այլ հուշակոթողներով։ 2002 թվականին տեղադրվել է «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը» հուշասյունը, ինչպես նաև «Մոխիրներից հառնած մայրը» քանդակը։ Բացի այդ, այստեղ են տեղադրված խաչքարեր՝ նվիրված Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի զոհերին։
Հուշահամալիրում իրենց տեղն ունեն նաև այն օտարազգի գործիչների հիշատակին նվիրված խորհրդանշական սափորները, ովքեր բարձրաձայնել են ցեղասպանության մասին՝ այդ թվում Անատոլ Ֆրանսի, Արմին Վեգների, Յոհաննես Լեփսիուսի, Ֆրիտյոֆ Նանսենի և Մարիա Յակոբսենի։
1968 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքը վերածվում է ուխտատեղիի։ Այստեղ են այցելում ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև սփյուռքահայեր և օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություններ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այսօր ևս հազարավոր մարդիկ շարունակում են բարձրանալ բարձունք՝ ծաղիկներ խոնարհելու անմար կրակի մոտ՝ պահպանելով հիշողությունը և փոխանցելով այն սերունդներին։
Անի Վարդանյան




























