Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Պուշկինի փողոցում բնակվող 51-ամյա մի տղամարդ իրացնելու նպատակով բնակարանում պահում է թմրանյութ։
Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց, ու ապրիլի 27-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռվեց քրեական վարույթ։ Նույն օրը զննություն կատարվեց 51-ամյա տղամարդու բնակության վայրում․ հայտնաբերվեցին էլեկտրական կշեռք, զիպ փականով բազմաթիվ տոպրակներ և վեց փաթեթ՝ լցված ընդհանուր ավելի քան ութ հարյուր գրամ դեղնականաչավուն զանգվածով։
Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, այն ձեռք է բերել Տելեգրամյան հարթակի տարբեր օգտատերերից՝ իրացնելու նպատակով։
Իրացնելու նպատակով թմրամիջոց պահելուն վերաբերող մի տեղեկություն էլ Էրեբունու համայնքային ոստիկանները ստուգել ու հիմնավորել էին նախորդ օրը՝ ապրիլի 26-ին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն էր կատարվել Սարի թաղում բնակվող օտարերկյա քաղաքացի 28-ամյա տղամարդու տանը։ Այս դեպքում էլ հայտնաբերվել են էլեկտրական կշեռք ու տոպրակներ, մեկ փաթեթ՝ լցված 93 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով և փայլաթիթեղի ութ փաթեթ՝ ընդհանուր մոտ ութ գրամ նույն զանգվածներով։
Օտարերկրացին հայտնել է, որ փաթեթներով մարիխուանան պատկանում է իրեն։





























