Armenian text to speach

Սուրեն Պետրոսյանի ունեցվածքն ու անցած ուղին․ ի՞նչ քաղաքական անցյալ ունի «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը հերթով ներկայացնում են իրենց նախընտրական ցուցակները, իսկ հանրության ուշադրության կենտրոնում արդեն ոչ միայն անուններն են, այլև այդ անունների անցած ճանապարհն ու կուտակած կարողությունը։

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել առաջադրված 19 կուսակցությունների և դաշինքների առաջնորդներին՝ նրանց կենսագրությունն ու ունեցվածքը։

Այս անգամ ներկայացնում ենք «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությանը, որի ընտրացուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ ընտրություններին մասնակցելով 14 համարի ներքո։

Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պետրոսյանը
2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Սուրեն Պետրոսյանն ունի երեք միավոր անշարժ գույք։ Դրանց թվում են Տավուշի մարզի Ենոքավան համայնքում գտնվող հողամաս, ինչպես նաև երկու բնակարան Երևանում։ Անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել գնման, մյուս մասը՝ նվիրատվության եղանակով։
Տրանսպորտային միջոցներից նա հայտարարագրել է 2018 թվականի արտադրության GENESIS մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2023 թվականին, ինչպես նաև 2008 թվականի արտադրության SKODA մակնիշի ավտոմեքենա, որը ստացել է նվիրատվությամբ։
Բանկային հաշիվներում առկա միջոցները կազմել են 826 հազար դրամ և 7 հազար 248 եվրո, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 4 միլիոն 269 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 178 հազար եվրո, որը ներկայացված է որպես շահաբաժին։ Եկամուտ վճարող կազմակերպությունը Edelweiss Group-ն է։
Միաժամանակ հայտարարագրված է նաև վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդ՝ 63 միլիոն 185 հազար դրամ, որը կապված է անշարժ գույքի հետ։

Կրթություն և մասնագիտական ուղի
Սուրեն Պետրոսյանը ծնվել է 1988 թվականի մարտի 10-ին Երևանում։
2008 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ ստանալով թենիսի մարզիչ-մանկավարժի որակավորում։ Այնուհետև ուսումը շարունակել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով կառավարման, քաղաքագիտության և պետական ու մունիցիպալ կառավարման մասնագիտություններով բարձրագույն կրթություն և մագիստրոսի աստիճաններ։
2018 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան, իսկ 2024 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Նա նաև մասնակցել է մի շարք միջազգային կրթական ծրագրերի և քաղաքական դասընթացների՝ Օքսֆորդի համալսարանում, Գերմանիայում, Չինաստանում, Շվեդիայում և Հունաստանում։
Քաղաքական գործունեություն
2014-2016 թվականներին Սուրեն Պետրոսյանն աշխատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում՝ զբաղեցնելով Կապի և տեղեկատվայնացման վարչության պետի պաշտոնը։
2016-2024 թվականներին դասավանդել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում։
Քաղաքական գործունեության մեջ ներգրավվել է 2019 թվականին՝ դառնալով «Ժողովրդավարական համախմբում» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր։ Հետագայում եղել է կուսակցության հիմնադիր անդամ, իսկ 2021 թվականի փետրվարի 27-ից ղեկավարում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։

Սոնա Գրիրգորյան




Լրահոս