2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների կենսագրություններն ու գույքային հայտարարագրերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է 7-րդ համարի ներքո առաջադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համարը՝ Անդրանիկ Թևանյանը։
Ի՞նչ է հայտարարագրել Անդրանիկ Թևանյանը
2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Անդրանիկ Թևանյանն ունի ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույք։
Հայտարարագրված տվյալներով՝ նա Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում ժառանգությամբ ձեռք բերված հողամաս ունի։ Բացի այդ, նրա սեփականության մեջ են մտնում ավտոտնակ և Երևանի կենտրոնում գտնվող բնակարան, որը ձեռք է բերվել գնման եղանակով։
Շարժական գույքի ցանկում ներառված է նաև 2018 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենա։
Ֆինանսական միջոցների մասով հայտարարագրում նշված են բանկային հաշիվների համեմատաբար փոքր մնացորդներ և զգալի կանխիկ միջոցներ տարբեր արժույթներով։
Մասնավորապես՝
բանկային հաշիվների մնացորդ՝ 208 հազար 98 դրամ,
կանխիկ միջոցներ՝ 107 հազար 200 եվրո,110 հազար 300 ԱՄՆ դոլար,10 միլիոն 600 հազար դրամ։
Հայտարարագրի համաձայն՝ հաշվետու տարվա ընթացքում Անդրանիկ Թևանյանը եկամուտ չի ստացել։
Քաղաքական և մասնագիտական ուղին
Անդրանիկ Թևանյանը ծնվել է 1974 թվականին՝ Երևանում։
Նա ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը, այնուհետև՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Պահեստազորի լեյտենանտ է։
Մասնագիտական գործունեությունը սկսել է պետական համակարգում՝ աշխատելով Էկոնոմիկայի նախարարությունում որպես խորհրդական։ Ավելի ուշ անցել է մեդիա ոլորտ, որտեղ ղեկավարել է «Ար» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, ինչպես նաև Հանրային հեռուստատեսությամբ վարել տնտեսական-վերլուծական հաղորդաշար։
Թևանյանը երկար տարիներ զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով՝ դասավանդելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում և Հայ-ռուսական համալսարանում։
2009 թվականին նա հիմնադրել է «7 օր» լրատվական կայքը և «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը՝ շարունակելով գործունեությունը վերլուծական ու հանրային-քաղաքական դաշտում։
Քաղաքական գործունեությունը
Վերջին տարիներին Անդրանիկ Թևանյանը ակտիվ ներգրավվածություն է ունեցել քաղաքական գործընթացներում։
2021 թվականին նա ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով։ Հետագայում ընդգրկվել է ընդդիմադիր քաղաքական գործընթացներում և ձևավորել «Մայր Հայաստան» նախաձեռնությունը։
Երևանի ավագանու ընտրություններում այդ քաղաքական ուժը ստացել է 12 մանդատ, սակայն Թևանյանը հրաժարվել է ավագանու մանդատից՝ շարունակելով գործունեությունը կուսակցական և դաշինքային հարթակներում։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ «Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին՝ Գագիկ Ծառուկյանի ներկայացրած «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում։
Անդրանիկ Թևանյանը նշել էր, որ այդ որոշումը կայացվել է քննարկումների և քաղաքական երկխոսության արդյունքում։ Նրա խոսքով՝ ծրագիրը գնահատվել է որպես հանրային լայն մասնակցություն ապահովող նախաձեռնություն, որտեղ քաղաքացիների առաջարկներն ու խնդիրները դառնում են քաղաքական օրակարգի հիմք։
Թևանյանը նաև ընդգծել էր, որ «Մայր Հայաստանը» ծրագրին միացել է որպես համահեղինակ՝ նպատակ ունենալով այն համալրել սեփական գաղափարներով և առաջարկվող լուծումներով։
Ա․Վարդանյան





























