Հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը սկսել են ակտիվ քարոզարշավը՝ տարբեր ձևաչափերով, տարբեր մեկնարկային կետերից և, բնականաբար, տարբեր գնահատականներով իրենց հնարավորությունների վերաբերյալ։
ArmԼur.am-ը զրուցել է «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Կարապետյանի հետ, պարզելու համար, թե իրենց քարոզարշավը սկսել են ու ինչ ձևաչափով:
Վերջինս հայտարարեց, որ սկսել են ոչ թե սովորական շտաբային հանդիպումով, այլ խորհրդանշական երթուղով՝ Էջմիածնի Սուրբ տաճարից մինչև Մատենադարան։
«Սկսել ենք մայիսի 8-ին Էջմիածնի Սուրբ տաճարից, հետո ԱԺ-ի դիմաց հայտարարություն հնչեցրինք, ապա քայլերթով գնացինք Մատենադարան»,- ասաց նա։
Բայց «Բևեռի» հիմնական դժգոհությունը, ըստ Կարապետյանի, ոչ թե վարչական ճնշումներն են, այլ «մեդիա բլոկադան»։
«Մեզ չեն լուսաբանում։ Մենք նորաստեղծ ուժ չենք, որ ճնշումները մեզ համար նորություն լինեն»,- նշեց նա՝ հիշեցնելով նախկին քրեական և վարչական ճնշումների մասին։
Միևնույն ժամանակ, քաղաքական ուժը շարունակում է բարձր գնահատել իր շանսերը՝ հղում անելով 2021 թվականի արդյունքներին, երբ, ըստ Կարապետյանի, բազմաթիվ ուժերի մեջ զբաղեցրել էին 6-րդ հորիզոնականը։
Ավելին՝ նա ընդգծեց, որ իրենց գլխավոր տարբերակիչ գիծը գաղափարախոսական է.
«Մենք միակ ուժն ենք, որը 1918-20 թվականների իրավահաջորդն է»։
Մյուս կողմից՝ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Սարգսյան-ը խոստովանեց, որ իրենց քարոզարշավը կազմակերպչական խնդիրներով է մեկնարկում։
«Մենք հետ էինք ընկել, հաշիվները չէին բացում։ Մենք մեծ բիզնեսներ չունենք, պետական ռեսուրս էլ չունենք»,- ասաց նա՝ նաև դժգոհելով, որ սկզբնական փուլում կուսակցությունը չէին գրանցում։
Սակայն նույնիսկ այդ պայմաններում կուսակցությունը ներկայացնում է բավականին հավակնոտ ու պոպուլիստական հնչող առաջարկներ՝ անվճար հանրային տրանսպորտ, զրոյական գույքահարկ, Ազգային ժողովի վերաձևավորում և անգամ «տարածքների վերականգնում՝ Արցախ, Նախիջևան»։
Հետաքրքիր էր նաև Սարգսյանի վերաբերմունքը գաղտնալսումների թեմային։
«Ինձ գաղտնալսում էին, բայց քրեական գործի շրջանակներում։ Իսկ ընտրակաշառքների հետ կապված գաղտնալսումները նորմալ են»,- ասաց նա։
Իսկ «Հայաստանի Շնորհապետական կուսակցություն» քաղաքական ուժի առաջին համար Գուրգեն Սիմոնյան-ը հայտարարեց, որ իրենք արդեն վաղուց են քարոզարշավի մեջ և «հաղթական են տրամադրված»։
«Գաղտնալսեն էլ՝ արտառոց բան չեն գտնի»,- հավելեց նա։
Սիմոնյանի խոսքով՝ իրենց քարոզչությունը կազմակերպվում է փոքր խմբերով՝ Նուբարաշենից մինչև Արարատի մարզ։
Քաղաքական ուժերի հայտարարություններից պարզ է դառնում, որ այս ընտրապայքարում շեշտը դրվելու է ոչ միայն ծրագրերի, այլ նաև «ճնշումների», «մեդիա բլոկադայի», վարչական խոչընդոտների և քաղաքական համակարգից դժգոհության վրա։ Միևնույն ժամանակ, գրեթե բոլոր ուժերը, անկախ հանրային վարկանիշից կամ կազմակերպչական ռեսուրսներից, հայտարարում են «բարձր շանսերի» և «հաղթանակի» մասին։
Ընտրապայքարը փաստացի մեկնարկել է՝ փոքր խմբերով, մեծ հայտարարություններով ու արդեն ավանդական դարձած փոխադարձ դժգոհություններով։
Իրինա Ատանյան





























