Armenian text to speach

Փաշինյանի հետ միջադեպից հետո Արփինե Սողոյանը արձակուրդի դիմում է գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո ArmLur.am-ը կապ է հաստատել բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանի դստեր՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանի հետ՝ պարզելու տեղի ունեցածի հետևանքներն ու ստեղծված իրավիճակը։

Տաթևիկ Սողոյանի փոխանցմամբ՝ իր մայրը այս պահին չի ցանկանում հրապարակային մեկնաբանություն տալ, սակայն, նրա խոսքով, ակնհայտ է, որ իշխանությունները չեն հանդուրժում իրենց քաղաքականությանը հակառակ կարծիք հայտնող քաղաքացիների ներկայությունը։

«Իմ մայրն ունի բավարար իրավագիտակցություն և առանց իրավական հիմքերի ազատման դիմում չի գրի։ Այս պահին մայրս արձակուրդի դիմում է գրում»,- նշել է նա՝ անդրադառնալով հնարավոր աշխատանքային ճնշումներին։

Սողոյանի խոսքով՝ բուժհաստատությունից այս պահի դրությամբ որևէ պաշտոնական հրաման կամ որոշում չկա, և ինքը չի կարծում, որ նման քայլի կգնան, քանի որ իր մայրը հղիների բաժանմունքի միակ պատասխանատու բժիշկն է։

Հիշեցնենք, որ այսօր Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախընտրական հանդիպման ընթացքում վիճաբանություն էր տեղի ունեցել վարչապետի և քաղաքացու միջև։ Քաղաքացին դժգոհություն էր հայտնել կառավարության վարած քաղաքականությունից, ինչին ի պատասխան վարչապետը կոշտ արձագանք էր տվել։

Միջադեպից հետո Տաթևիկ Սողոյանը նաև գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ իր մայրը ոչ միայն բժիշկ է, այլ նաև 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը։

«Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը։ Ինչպես շատերդ ճանաչեցիք, այսօրվա հերոսը մայրիկս էր՝ բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը»,- գրել էր նա։

Իրինա Ատանյան




Լրահոս