Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) պաշտոնական տվյալները փաստում են «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի կտրուկ կրճատման մասին։ Սկզբնական 87 թեկնածուներից 50-ն արդեն իսկ ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ, ևս 12-ը պատրաստվում են անել նույնը, ինչի արդյունքում ցուցակում կմնա ընդամենը 25 թեկնածու։
Այս իրավիճակը պարզաբանելու համար ArmLur.am-ը կապ հաստատեց կուսակցության վարչապետի և միակ կին թեկնածու Նինա Կարապետյանցի հետ։
«Սա փախուստ չէ, այլ պրագմատիկ հաշվարկ»։
Նինա Կարապետյանցի խոսքով՝ իրենք ի սկզբանե հայտարարել են, որ ցուցակում պահպանելու են այնքան թեկնածու, որքան ձայն ակնկալում են ստանալ։
«Շատերը ուշադրություն են դարձրել մեր միայն տեսանելի ինչ-որ գործողություններին՝ մեր սպայդերմենին ու չեն լսել, թե մենք ինչ ենք հայտարարել նախապես: Մենք նախապես հայտարարել ենք, որ մեր պատկերացումների մեջ որքան ձայն կարող ենք մենք հավաքել, այդքան ձայների թեկնածուներ մենք պահպանելու ենք ցուցակում, մնացած բոլորը մանդատները վայր են դնելու»,- նշում է նա։
Ըստ թեկնածուի՝ սա փոխադարձ վստահության և նախնական պայմանավորվածության արդյունք է։ Նա ընդգծում է, որ ինքնաբացարկ հայտնած անձինք չեն լքում թիմը. նրանք շարունակում են մնալ համախոհներ և ակտիվորեն մասնակցել քարոզարշավին։ Ի տարբերություն այլ ուժերի, որոնք հավակնում են 51% և ավելի ձայների, «Բոլորին դեմ եմ»-ը ցուցաբերում է քաղաքական պրագմատիզմ։
«Մենք շատ պրագմատիկ ենք, շատ հստակ հաշվարկներ ունենք… մնացած մարդիկ լրիվ բավարար են ծածկելու համար այն հնարավոր ձայների տոկոսը, որը որ մենք հավաքելու ենք»։
Կարապետյանցը վստահ է, որ իրենք հատելու են 4%-ի շեմը և անցնելու են խորհրդարան, քանի որ հարցումները ցույց են տալիս իրենց համակիրների թվի անընդհատ աճ։
Իրավիճակի իրավական կողմը հասկանալու համար դիմեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակին։ Մեզ հետ զրույցում խոսնակը հաստատեց, որ թեկնածուների թվի կրճատումը որևէ օրենսդրական խնդիր չի առաջացնում։
Իրինա Ատանյան






























