Նիկոլ Փաշինյանը այս տարվա ապրիլի 30-ի ճեպազրույցում հայտարարում է, թե «ատում է վարչական ռեսուրսը» և խոստանում է հետևանքներ, եթե դպրոցահասակ երեխաները հարկադրաբար ներգրավվեն քարոզարշավում։ Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավում կրկին նկատվում են վարչական ռեսուրսի կիրառման ակնհայտ դրսևորումներ՝ երեխաների և բուժհաստատությունների աշխատակիցների մասնակցությամբ։ «Ես ատում եմ վարչական ռեսուրսը։ Եվ եթե պարզվի նման բան, անհետևանք չի մնա։ Երեխաներին հարկադրաբար քարոզարշավի բերելու համար չորս տնօրեններին ասել եմ՝ ազատման դիմում գրեն, մինչև հանգամանքները կպարզվեն»։
Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ Ապարանում արձանագրված այն դեպքի առիթով, երբ դպրոցահասակ երեխաները ներգրավվել էին քարոզչական միջոցառման մեջ, և դրա շուրջ առաջացել էր հանրային աղմուկ։ Սակայն, ինչպես ցույց է տալիս «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը, խնդիրը միայն Ապարանով չի սահմանափակվում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում ՔՊ-ի հանդիպումներին մասնակցում են ոչ միայն երեխաներ, այլև բուժհաստատությունների աշխատակիցներ, ինչը վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ լուրջ հարցեր է առաջացնում։
Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Ծովասար բնակավայրում տեղի ունեցած քարոզչական հանդիպման ժամանակ երեխաները բեմադրված երգում են մարզպետ Կարեն Սարգսյանի և մյուս պաշտոնյաների առաջ։ Հանդիպումը կազմակերպված է ՔՊ քարոզչական օրակարգի շրջանակում՝ մարզպետի, Ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանի և ՔՊ վարչության անդամ, նախկին մարզպետ Գնել Սանոսյանի և այլոց մասնակցությամբ։ Լուսանկարներում երևում է, որ քարոզարշավին ներկա են նաև ամբուլատորիայի աշխատակիցներ։ Նրանց մասնակցությունը պատահական դիտորդի տպավորություն չի թողնում․ նրանք լուսանկարված են քարոզչական միջավայրում, միջոցառման մասնակիցների շարքում, իսկ առանձին լուսանկարներում երևում է նաև մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։



Թե՛ մարզպետի հրապարակած լուսանկարներում, թե՛ բուժամբուլատորիայի էջում տարածված կադրերում ակնհայտ է, որ բուժհաստատության աշխատակիցները հայտնվել են նախընտրական քարոզչության մեջ։ Սա հատկապես խնդրահարույց է այն պայմաններում, երբ ընտրական օրենսդրությունը արգելում է վարչական ռեսուրսի կիրառմամբ քաղաքացիներին քարոզչության ներգրավելը կամ նրանց վրա որևէ ձևով ազդեցություն գործադրելը։
Այս իրավիճակում առաջանում են մի քանի ուղիղ հարցեր․ երեխաները ի՞նչ կարգավիճակով էին հայտնվել քարոզչական միջոցառմանը, ո՞վ էր կազմակերպել նրանց մասնակցությունը, բուժհաստատության աշխատակիցները այնտեղ գտնվել են սեփական նախաձեռնությա՞մբ, թե՞ աշխատանքային ենթակայության կամ վարչական ազդեցության պայմաններում։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչական ռեսուրսի կիրառումը «անհետևանք չի մնա»։ Հիմա նույն չափանիշը պետք է գործի նաև ՔՊ-ի քարոզարշավի դեպքում և կոնկրետ մարդիկ պետք է դիմում գրեն, հեռանան։ Հակառակ դեպքում ստացվում է, որ վարչական ռեսուրսը դատապարտվում է միայն այն ժամանակ, երբ դրա մասին բարձր աղմուկ է լինում, իսկ իշխանական քարոզչության մեջ երեխաների և պետական կամ համայնքային համակարգի աշխատակիցների ներգրավումը շարունակում է մնալ սովորական պրակտիկա։
Սոնա Գրիգորյան




























