Armenian text to speach

Միլիոնավոր դրամների շարժ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվներում․ ո՞վ որքա՞ն գումար է ստացել ու ծախսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկանքը՝ հասկանալու համար, թե 2026 թվականի մայիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում ի՞նչ ֆինանսական շարժ են ունեցել ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները, ովքե՞ր են ստացել ամենաշատ նվիրատվությունները, որքա՞ն գումար են փոխանցել նախընտրական հիմնադրամներ և ի՞նչ ծախսեր են իրականացրել։

Խոշոր ֆինանսական շրջանառություն է ունեցել  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այն ստացել է 73 մլն 731 հազար 869 դրամ նվիրատվություն՝ 161 անձից, ինչպես նաև 647 հազար 150 դրամ անդամավճար՝ 51 անձից։ Ծախսերը կազմել են ավելի քան 4 մլն 426 հազար դրամ, որից 3 մլն 385 հազար 415 դրամը՝ այլ ելքեր, 512 հազար 500 դրամը՝ կոմունալ վճարներ, 500 հազար դրամը՝ գույքի վարձակալության վճարներ, իսկ 28 հազար 100 դրամը՝ ապրանքանյութական արժեքների ձեռքբերման համար։ Կուսակցության հաշվին մնացել է 120 մլն 500 հազար 947 դրամ։

Խոշոր ֆինանսական շարժ գրանցել է  նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը․ այն ստացել է 87 մլն 449 հազար դրամ նվիրատվություն՝ 38 անձից։ Բացի այդ, կուսակցության հաշվին վերադարձվել է ևս 95 հազար 294 դրամ Ֆեյսբուքից։ Ծախսերը կազմել են 22 մլն 814 հազար 807 դրամ, որից 17 մլն դրամը վճարվել է կրեդիտորական պարտքի համար, 4 մլն 164 հազար 807 դրամը՝ Ֆեյսբուքի գովազդի, իսկ 650 հազար դրամը՝ Կոտայքի և Սյունիքի մարզերում գտնվող 3 անշարժ գույքերի վարձակալության համար։ Մայիսի 19-ի դրությամբ կուսակցության հաշվին մնացել է 172 մլն 718 հազար 985 դրամ։

«Առաջ աջակենտրոն» կուսակցությունը ստացել է 22 մլն 999 հազար դրամ նվիրատվություն՝ 6 անձից։ Ծախսերը կազմել են 3 մլն 580 հազար 240 դրամ, որից 3 մլն 120 հազար 423 դրամը՝ Ֆեյսբուքյան գովազդների համար, իսկ 340 հազար 757 դրամը՝ կոմունալ վճարների։ Մնացորդը կազմել է 23 մլն 587 հազար 564 դրամ։

«Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 14 մլն 523 հազար 200 դրամ պետական ֆինանսավորում և 2 մլն 10 հազար դրամ փոխանցել է նախընտրական հիմնադրամ։ Մնացորդը կազմել է 14 մլն 75 հազար 529 դրամ։

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ստացել է 3 մլն 320 հազար դրամ նվիրատվություն՝ 3 անձից և կատարել ընդամենը 1 հազար դրամ սպասարկման վճար։ Հաշվին մնացել է 12 մլն 817 հազար 614 դրամ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է 5 մլն 150 հազար դրամ նվիրատվություն՝ 4 անձից, ինչպես նաև 1 մլն 800 հազար դրամ՝ որպես հաշվի համալրում։ Ծախսերը կազմել են 5 մլն 339 հազար 425 դրամ, որից 3 մլն 500 հազար դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 1 մլն 839 հազար 425 դրամը՝ Google-ի և Facebook-ի գովազդի համար։ Մնացորդը կազմել է 7 մլն 962 հազար 621 դրամ։

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ստացել է 3 մլն դրամ նվիրատվություն և 243 հազար դրամ սխալ փոխանցված գումարի վերադարձ։ Ծախսերը գերազանցել են 14 մլն դրամը․ 5 մլն 500 հազար դրամ ծախսվել է գաղափարախոսական նյութերի տարածման համար, 6 մլն 54 հազար 667 դրամ՝ գույքի վարձակալության, 1 մլն 529 հազար 821 դրամ՝ կոմունալ վճարների, իսկ 1 մլն 335 հազար դրամ՝ հարկերի համար։ Հաշվին մնացել է 731 հազար 484 դրամ։

«Նոր դարաշրջան» կուսակցությունը ստացել է 17 հազար 709 դրամ՝ որպես սխալ փոխանցված գումարի վերադարձ։ Ծախսերը կազմել են ավելի քան 4 մլն 154 հազար դրամ, այդ թվում՝ 2 մլն 800 հազար դրամ գույքի վարձակալության, 799 հազար 128 դրամ աշխատավարձերի և ծառայությունների վճարների, 534 հազար 200 դրամ հարկերի և 21 հազար 600 դրամ առողջապահական ապահովագրության համար։ Մնացորդը՝ 375 հազար 65 դրամ։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ստացել է 50 հազար դրամ նվիրատվություն, սակայն կատարել է 5 մլն 800 հազար դրամ ծախս, որից 5 մլն դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 800 հազար դրամը՝ գույքի վարձակալության համար։ Մնացորդը կազմել է ընդամենը 96 հազար դրամ։

«Հայ ազգային կոնգրեսը» ստացել է 4 մլն 300 հազար դրամ նվիրատվություն՝ 7 անձից։ Ծախսերից 3 մլն 800 հազար դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 54 հազար դրամը՝ կոմունալ վճարների համար։ Մնացորդը կազմել է 1 մլն 38 հազար 197 դրամ։

«Նոր ուժ ռեֆորմիստական» կուսակցությունը ստացել է 3 մլն 960 հազար դրամ նվիրատվություն՝ 5 անձից։ Ծախսվել է 2 մլն 807 հազար 690 դրամ, որից 1 մլն 900 հազար դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, 753 հազար 690 դրամը՝ Ֆեյսբուքի գովազդի, իսկ 150 հազար դրամը՝ հարկերի համար։ Մնացորդը կազմել է 2 մլն 404 հազար 53 դրամ։

«Միասնության թևեր» կուսակցությունը ստացել է 3 մլն դրամ նվիրատվություն և 6 հազար դրամ հետվերադարձ։ 2 մլն 500 հազար դրամ փոխանցվել է նախընտրական հիմնադրամ։ Մնացորդը կազմել է 500 հազար 506 դրամ։

«Բոլորին դեմ եմ ժողովրդավարական» կուսակցությունը ստացել է 134 հազար դրամ նվիրատվություն՝ 6 անձից և 110 հազար 498 դրամ ծախսել Ֆեյսբուքյան գովազդի համար։ Մնացորդը կազմել է 224 հազար 502 դրամ։

«Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը ստացել է 650 հազար դրամ նվիրատվություն և 21 հազար դրամ անդամավճար։ 1 մլն 490 հազար դրամ փոխանցվել է նախընտրական հիմնադրամ՝ 4 փոխանցումով։ Մնացորդը կազմել է 235 հազար 15 դրամ։

«Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական» կուսակցությունը ստացել է 900 հազար դրամ նվիրատվություն՝ 2 անձից և 500 հազար դրամ փոխանցել նախընտրական հիմնադրամ, որից 200 հազար դրամը՝ մայիսի 19-ին։ Մնացորդը կազմել է 430 հազար 900 դրամ։

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը ֆինանսական մուտքեր չի ունեցել, սակայն կատարել է 220 հազար 200 դրամ ծախս՝ բուկլետների պատվերի և այլ վճարների համար։ Հաշվին մնացել է 3 հազար 301 դրամ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մուտքեր չի ունեցել, սակայն կատարել է 110 հազար դրամ ծախս, այդ թվում՝ 100 հազար դրամ Մարալիկում վարձակալության վճարի և 10 հազար դրամ տեղեկանքի տրամադրման վճարի համար։ Մնացորդը կազմել է 2 մլն 578 հազար 296 դրամ։

«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցությունը ստացել է 547 հազար 500 դրամ նվիրատվություն՝ 2 անձից և ծախսեր չի իրականացրել։ Մնացորդը կազմել է 579 հազար 100 դրամ։

«Ռեֆորմիստների» կուսակցությունը մուտքեր չի ունեցել, սակայն 100 հազար դրամ փոխանցել է նախընտրական հիմնադրամ, իսկ հաշվին մնացել է 3 հազար դրամ։

«Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը կատարել է միայն 2 հազար դրամ սպասարկման վճար, իսկ հաշվին մնացել է 37 հազար 820 դրամ։

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը նշված ժամանակահատվածում որևէ մուտք կամ ելք չի ունեցել։

«Միավորված հայեր» կուսակցությունը նշված ժամանակահատվածում ընդհանրապես բանկային հաշիվ չի ունեցել։

Այսպիսով, հրապարակված տվյալներից երևում է, որ ամենամեծ ֆինանսական հոսքերը գրանցվել են «Ուժեղ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաջ աջակենտրոն» կուսակցություններում։ Մի շարք ուժեր հիմնականում գումարներ են ուղղել նախընտրական հիմնադրամներին, իսկ զգալի ծախսեր կատարվել են նաև սոցիալական ցանցերի գովազդի, գույքի վարձակալության և քարոզչական նյութերի տարածման համար։

Անի Վարդանյան

Նկարը ստեղծված է արհեստական բանականության կողմից։




Լրահոս