Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ International Republican Institute (IRI) անցկացրած հարցման համաձայն՝ TRIPP հռչակագրի իրականացմանը դեմ քաղաքացիների շրջանում գլխավոր մտահոգությունը անվտանգությունն է։
Հարցվածների 21 տոկոսը որպես հիմնական թերություն նշել է անվտանգության բացակայությունը, իսկ 19 տոկոսը մտահոգություն է հայտնել «թշնամի երկրների քաղաքացիների ազատ մուտքի» հնարավորության վերաբերյալ։
Հարցվածների 12 տոկոսը նշել է, որ չի վստահում Ադրբեջանին, իսկ 10 տոկոսը կարծում է, որ կա Սյունիքի կորստի վտանգ։ Եվս 9 տոկոսը մտավախություն ունի, որ Ադրբեջանը կարող է նոր տարածքային պահանջներ ներկայացնել։
Հարցվածների 7 տոկոսը նշել է, որ Հայաստանը ճանապարհի նկատմամբ վերահսկողություն չի իրականացնելու, իսկ 6 տոկոսը TRIPP-ի դրույթները համարել է Հայաստանի համար անբարենպաստ։
Միաժամանակ 6 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը վստահելի գործընկեր չէ, ևս 6 տոկոսը մտահոգություն է հայտնել անկախության կորստի վտանգի վերաբերյալ։
Հարցվածների 4 տոկոսը նշել է, որ կարող են վատթարանալ հարաբերությունները Իրանի հետ, 2 տոկոսը՝ Ռուսաստանի հետ։ Եվս 1 տոկոսը դժգոհել է եկամուտների անհավասար բաշխումից։
Հարցվածների 14 տոկոսը նշել է, որ որևէ խնդիր չի տեսնում, իսկ 1 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Միևնույն ժամանակ, հարցման համաձայն, քաղաքացիների 44 տոկոսը աջակցում է TRIPP հռչակագրի իրականացմանը, իսկ 41 տոկոսը՝ դեմ է։ Հարցվածների 6 տոկոսը նշել է, որ առաջին անգամ է լսում դրա մասին, ևս 8 տոկոսը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է պատասխանել հարցին։
Անի Վարդանյան

























































































