Armenian text to speach

ԱՄՆ պետքարտուղարին սպասում են «Զվարթնոց»-ում. Ռուբիոյի այցը՝ քաղաքական ուղերձ, թե կարճ կանգառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Պաշտոնական օրակարգով նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում, որի ավարտին կողմերը հանդես կգան համատեղ հայտարարություններով, ինչպես նաև կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր։

ArmLur.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացավ, որ այցի շրջանակում նախատեսված է նաև նախարարների մամուլի ասուլիս, որը կանցկացվի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Միաժամանակ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՄՆ պետքարտուղարի դիմավորումը կազմակերպվելու է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որտեղ նախատեսվում է մի շարք պաշտոնյաների և անգամ պատգամավորների ներկայություն։

«Կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,– հայտնեցին ԱԳ նախարարությունից։

Նկատենք, որ պաշտոնական ծրագրում բացակայում են Երևանից (թերևս հենց օդանավակայանից) դուրս այցեր կամ ավելի լայն երկկողմ հանդիպումների շրջանակ, ինչը որոշ դիտարկումների տեղիք է տալիս, որ այցը կարող է ունենալ սահմանափակ ժամանակային և բովանդակային շրջանակ։

Դիվանագիտական պրակտիկայում նման ձևաչափերը հաճախ կիրառվում են, երբ այցը հիմնականում կենտրոնացած է մեկ նպատակի վրա՝ պաշտոնական հանդիպման արձանագրում և ստորագրման արարողություն՝ առանց լայնածավալ շրջայցերի կամ հանրային միջոցառումների։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանդիպումը լուսաբանելու համար ԶԼՄ ներկայացուցիչները «Զվարթնոց» օդանավակայան են հրավիրվում։

Այս այցը հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ քաղաքական և աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն կարող է ունենալ, եթե ստորագրվող փաստաթուղթը, որի բովանդակությունը դեռ չի գաղտնազերծվում, լինի իրական, այլ ոչ «խաղաղության համաձայնագրի» նման՝ ոչ շոշափելի և իրավական հետևանքների անկանխատեսելիությամբ։

 




Լրահոս