Armenian text to speach

Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից բանջարեղենի ներմուծման վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բուսական-բանջարաբոստանային արտադրանքի ներմուծման վրա

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է սահմանում Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։

Որոշումը կայացվել է Ռուսաստանի Դաշնություն հայկական բուսական-բանջարաբոստանային արտադրանքի մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումների հաճախացման և ֆիտոսանիտարական անվտանգության ապահովման նպատակով։ Նշվում է, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի տարածքի ֆիտոսանիտարական վիճակի համար։

Հայտարարության մեջ նշվում է, որ բացի այդ, Հայաստանի համապատասխան գերատեսչության կողմից չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ նախկինում արձանագրված խախտումների կապակցությամբ։

Ըստ հայտարարության նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում 2026 թվականի մայիսի 21-ից 27-ը Ռոսսելխոզնադզորի կողմից իրականացվել է Հայաստանի ձեռնարկությունների ուսումնասիրություն, որի ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների առկայություն ջերմոցային համալիրներում, ինչը հաստատվում է հայկական բուսական-բանջարաբոստանային արտադրանքի ներմուծման ընթացքում դրանց պարբերական հայտնաբերմամբ՝ 2026 թվականի ընթացքում 181 դեպք։

Նշվում է նաև, որ Ռոսսելխոզնադզորի տեղեկատվական համակարգի տվյալներով՝ մեծ քանակությամբ բուսական-բանջարաբոստանային արտադրանք է մատակարարվում Հայաստանի բազմաթիվ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից, որոնց սեփականության ձևը անհայտ է, և որոնք խուսափում են կարանտինային ֆիտոսանիտարական վերահսկողությունից։ Սա, ըստ գերատեսչության, վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի հետագծելիության համակարգի բացակայության մասին։

Անի Վարդանյան




Լրահոս