Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի մայիսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների շարժի վերաբերյալ տվյալները։ Հրապարակված տեղեկանքից երևում է, որ ամենամեծ ֆինանսական շրջանառությունը գրանցվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարներում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 66 մլն 865 հազար 600 դրամ նվիրատվություն՝ 69 անձից, 1 մլն 319 հազար 900 դրամ անդամավճար՝ 24 անձից, ինչպես նաև 103 մլն 153 հազար 940 դրամ պետական ֆինանսավորում։ Ընդհանուր մուտքերը կազմել են 171 մլն 339 հազար 440 դրամ։ Ելքերից 60 մլն 52 հազար 165 դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամին, իսկ 866 հազար 291 դրամը ծախսվել է կոմունալ վճարների համար։ Կուսակցության հաշվում հաշվետու ժամանակահատվածի ավարտին մնացել է 188 մլն 757 հազար 873 դրամ։
Ֆինանսական ակտիվությամբ երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Այն ստացել է 73 մլն 250 հազար դրամ նվիրատվություն՝ 20 անձից։ Կուսակցությունը 60 մլն դրամ փոխանցել է նախընտրական հիմնադրամ, 10 մլն 592 հազար 493 դրամ ծախսել գովազդային ծառայությունների, այդ թվում՝ ֆեյսբուքյան գովազդի վրա, 223 հազար դրամ՝ ըստ հաշիվ-ապրանքագրի, 88 հազար 570 դրամ՝ ծառայությունների դիմաց։ Բացի այդ, վճարվել է 381 հազար 713 դրամ կոմունալ ծառայությունների համար և 490 հազար դրամ՝ Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերում գտնվող անշարժ գույքերի վարձակալության համար։ Հաշվի մնացորդը կազմել է 91 մլն 57 հազար 965 դրամ։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստացել է 34 մլն դրամ նվիրատվություն՝ 13 անձից։ Նույնքան գումար՝ 34 մլն դրամ, փոխանցվել է նախընտրական հիմնադրամին։ Բացի այդ, 353 հազար դրամ վճարվել է գույքի վարձակալության համար։ Մնացորդը կազմել է 2 մլն 874 հազար 627 դրամ։
«Միասնության թևեր» կուսակցությունը ստացել է 21 մլն 750 հազար դրամ նվիրատվություն՝ 6 անձից։ Ելքերը կազմել են 10 մլն 98 հազար 600 դրամ, որից 4 մլն 500 հազար դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 5 մլն 598 հազար 600 դրամը՝ ծախսվել հաշիվ-ապրանքագրերի հիման վրա։ Մնացորդը՝ 11 մլն 948 հազար 406 դրամ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 17 մլն 300 հազար դրամ նվիրատվություն՝ 2 անձից։ 12 մլն 500 հազար դրամ փոխանցվել է նախընտրական հիմնադրամին։ Հաշվի մնացորդը կազմել է 23 մլն 680 հազար 896 դրամ։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը ստացել է 9 մլն 800 հազար դրամ նվիրատվություն՝ 5 անձից։ Ելքերից 8 մլն 190 հազար դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 1 մլն 199 հազար 540 դրամը՝ ծախսվել TikTok-ի և Facebook-ի գովազդի վրա։ Մնացորդը կազմել է 1 մլն 572 հազար 993 դրամ։
«Առաջ աջակենտրոն» կուսակցությունը ստացել է 4 մլն 999 հազար դրամ նվիրատվություն՝ 2 անձից։ 4 մլն 276 հազար 323 դրամ ծախսվել է ֆեյսբուքյան գովազդի վրա, 450 հազար դրամ՝ գույքի վարձակալության, 150 հազար դրամ՝ աշխատանքի վարձատրության նպատակով։ Մնացորդը՝ 12 մլն 676 հազար 305 դրամ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է 1 մլն 500 հազար դրամ նվիրատվություն՝ 2 անձից։ Google-ի և Facebook-ի գովազդի վրա ծախսվել է 3 մլն 194 հազար 950 դրամ։ Մնացորդը կազմել է 6 մլն 258 հազար 737 դրամ։
«Նոր դարաշրջան» կուսակցությունը ստացել է 1 մլն 42 հազար դրամ նվիրատվություն մեկ անձից։ 1 մլն 242 հազար 500 դրամ ծախսվել է գովազդային և հաշվապահական ծառայությունների վրա։ Մնացորդը՝ 166 հազար 268 դրամ։
Հայ ազգային կոնգրեսը ստացել է 1 մլն դրամ նվիրատվություն մեկ անձից։ Նույն գումարը փոխանցվել է նախընտրական հիմնադրամին, ևս 1 հազար դրամ ծախսվել է այլ նպատակով։ Մնացորդը կազմել է 282 հազար 197 դրամ։
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը ստացել է 500 հազար դրամ նվիրատվություն՝ 3 անձից։ Ֆեյսբուքյան գովազդի համար ծախսվել է 98 հազար 700 դրամ։ Մնացորդը՝ 811 հազար 292 դրամ։
Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը ստացել է 610 հազար դրամ նվիրատվություն՝ 2 անձից, ինչպես նաև 186 հազար 36 դրամ վերադարձ ֆեյսբուքյան գովազդից։ 410 հազար 900 դրամ փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 281 հազար 940 դրամը ծախսվել է ֆեյսբուքյան գովազդի վրա։ Մնացորդը կազմել է 1 մլն 382 հազար 592 դրամ։
«Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 134 հազար 90 դրամ՝ նախընտրական հիմնադրամից վերադարձված գումարի տեսքով։ 2 մլն դրամ փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, 1 մլն 200 հազար դրամ ծախսվել է հաշիվ-ապրանքագրերով, 33 հազար 600 դրամ՝ առողջության ապահովագրության համար։ Բացի այդ, վճարվել է 1 մլն 664 հազար 853 դրամ աշխատավարձ և 7 հազար դրամ հարկ։ Մնացորդը կազմել է 9 մլն 279 հազար 766 դրամ։
«Միավորված հայեր» կուսակցությունը ստացել է 200 հազար դրամ անդամավճար մեկ անձից։ Ծախսվել է 2 հազար դրամ սպասարկման վճարի համար։ Մնացորդը՝ 198 հազար դրամ։
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ստացել է 52 հազար 500 դրամ նվիրատվություն՝ 10 անձից և 46 հազար 500 դրամ անդամավճար՝ 4 անձից։ 200 հազար դրամ փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, ընդհանուր ելքերը կազմել են 215 հազար դրամ։ Մնացորդը՝ 204 հազար 14 դրամ։
Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը մուտքեր չի ունեցել։ 70 հազար 785 դրամ ծախսվել է, որից 66 հազար 285 դրամը՝ ֆեյսբուքյան գովազդի համար։ Մնացորդը՝ 592 հազար 463 դրամ։
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ստացել է 6 հազար 100 դրամ նվիրատվություն 2 անձից։ Նախընտրական հիմնադրամին փոխանցվել է 233 հազար 120 դրամ։ Մնացորդը՝ 31 հազար 80 դրամ։
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ստացել է 144 հազար դրամ՝ սխալ փոխանցված գումարի հետվերադարձի արդյունքում։ Ելքեր չեն գրանցվել։ Մնացորդը կազմել է 14 մլն 941 հազար 614 դրամ։
Միևնույն ժամանակ «Ռեֆորմիստներ», «Քոչարի ազգային վերածնունդ և Ազգի զարթոնք», Քրիստոնեա-ժողովրդավարական և Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունները հաշվետու ժամանակահատվածում մուտքեր և ելքեր չեն ունեցել։ Նրանց հաշիվների մնացորդները համապատասխանաբար կազմել են 3 հազար, 0, 3 հազար 301 և 34 հազար 820 դրամ։
Այսպիսով, ԿԿՀ հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ նախընտրական շրջանում ամենամեծ ֆինանսական շարժը գրանցվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ, որին հաջորդում են «Ուժեղ Հայաստան»-ը, ՀՅԴ-ն և «Միասնության թևեր»-ը։
Ա․ Վարդանյան






























