Այսօր՝ ժամը 21:20-ի սահմաններում, 1in.am «Առաջին լրատվական» քաղաքական մեկնաբան Ժիրայր Ոսկանյանը, գտնվելով Երևանի Սարյան փողոցում անցկացվող Գինու փառատոնի տարածքում, ենթարկվել է ֆիզիկական և քաղաքական բնույթի հարձակման։
Նախնական տեղեկություններով՝ անհայտ անձը, ռուսախոս առոգանությամբ հայհոյանքներ հնչեցնելով, քաղաքական շարժառիթներով հարվածներ է հասցրել Ժիրայր Ոսկանյանին։ Դեպքը տեղի է ունեցել բազմամարդ վայրում՝ բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ։
Դեպքից անմիջապես հետո Ժիրայր Ոսկանյանը դիմել է դեպքի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին և ներկայացրել կատարվածի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հարձակման մեջ կասկածվող անձին, սակայն նրան հեռացրել են տուժողի և ներկաների տեսադաշտից, ինչից հետո պարզվել է, որ վերջինս ազատ է արձակվել՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգերի, ներառյալ՝ հնարավոր քրեադատավարական կարգավիճակի հստակեցման և համարժեք դատավարական գործողությունների իրականացման։
Մենք խորապես մտահոգված ենք, որ ընտրական գործընթացներին ուղեկցող ատելության, անհանդուրժողականության և քաղաքական թշնամանքի մթնոլորտը Հայաստանում գնալով ավելի վտանգավոր է դարձնում լրագրողների նույնիսկ ներկա գտնվելը հանրային և մարդաշատ վայրերում։
Լրագրողի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով բռնությունը ոչ միայն հարձակում է կոնկրետ անձի, այլև՝ խոսքի ազատության, մամուլի անկախության և հանրության տեղեկացված լինելու իրավունքի դեմ։ Նման դեպքերի նկատմամբ անգործությունը կամ ոչ համարժեք արձագանքը կարող են ստեղծել անպատժելիության վտանգավոր մթնոլորտ։
Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից՝
անհապաղ և արդյունավետ քննություն իրականացնել,
ապահովել դեպքի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտումը,
տալ կատարվածին համարժեք քրեաիրավական գնահատական,
և բացառել քաղաքական կամ այլ շարժառիթներով բռնության ցանկացած դրսևորման անպատժելիությունը։
Կոչ ենք անում նաև մարդու իրավունքների պաշտպանության, լրագրողների անվտանգության և մամուլի ազատության հարցերով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններին ուշադրության կենտրոնում պահել այս միջադեպը և հանդես գալ լրագրողի մասնագիտական իրավունքների պաշտպանության դիրքերից։
Մեր տրամադրության տակ առկա են դեպքի վերաբերյալ տեսագրություններ և այլ ապացույցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կներկայացվեն համապատասխան մարմիններին։
Խոսքի ազատության, լրագրողների դեմ բռնությունը չի կարող դառնալ քաղաքական պայքարի ընդունելի գործիք։
1in.am «Առաջին լրատվական»
06.06.2026թ. Երևան, Հայաստանի Հանրապետություն




























