Armenian text to speach

Թվային անհամապատասխանություններ՝ ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ 9-րդ ընտրությունների արդյունքների նախնական տվյալների համաձայն՝ խորհրդարան են անցնում երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ Ընդդիմադիր ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շեմը չհաղթահարեց ընդամենը 0․004 տոկոսի պակասի պատճառով։

Արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած թվերը համապատասխանում են քաղաքական ուժերի կողմից տեղամասային կենտրոններում աշխատող վստահված անձանց արձանագրած թվերին։

Երեք ընդդիմադիր ուժերից ArmLur.am-ին հայտնեցին հետևյալը․ ArmLur.am-ին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ դեռ աշխատում են և հստակ ոչինչ ասել չեն կարող։

«Դեռ տվյալների ճշտում, մշակում է տեղի ունենում»,- ասաց Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը բոլոր ընտրատեղամասերում վստահված անձ ունեցել է։ Հավելենք, որ այս դաշինքը նաև հանձնաժողովի անդամներ, նախագահներ և փոխնախագահներ ուներ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, մամուլի պատասխանատու Իվետա Տոնոյանի հետ կապ հաստատել չստացվեց։ Կուսակցությունից մեզ հայտնեցին, որ նրանք այս պահին ևս ճշգրտումների փուլում են և ավելի ուշ կարող են հստակ պատասխանել։

Հիշեցնենք, որ ԲՀԿ մամուլի պատասխանատու, պատգամավորության թեկնածու Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ կուսակցությունը դիմելու է վերահաշվարկի համար։ Ըստ Տոնոյանի՝ «նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ոչինչ չհայտնեցին՝ նշելով, որ Նարեկ Կարապետյանն իր ելույթում անդրադառնալու է բոլոր քննարկվող հարցերին։

Հավելենք, որ այս ընտրություններում երկու կարևոր թվային ակնառու խնդիրներ են առաջ եկել։ Մեկ՝ ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի հրապարակած ընտրողների թվերը խիստ տարբեր էին․ ըստ ՆԳՆ-ի՝ ՀՀ-ում կար 2 մլն 485 հազար 851 ընտրող, իսկ ըստ ԿԸՀ-ի՝ 2 մլն 503 հազար 996 ընտրող։

Եվ երկրորդ՝ անվավեր քվեաթերթիկների թիվը խայտառակ մեծ էր․ 2021 թվականին՝ 4593, իսկ 2026 թվականին՝ 17097 անվավեր քվեաթերթիկ։

Այս թվային աճպարարության մեջ հնարավոր են որոշակի փոփոխություններ, դրա համար խիստ կարևոր է, որ ընդդիմությունը հրապարակի իր հաշվարկած թվերը՝ 2500 տեղամասերի արձանագրությունների հիման վրա։

Նանիկ Աղասյան

 




Լրահոս