«Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից Ալիկ Ալեքսանյանը կալանքը կրում է Նուբարաշենի բանտում։ Նրա դեմ հարուցված քրեական գործով իրավապահ համակարգում քննչական գործողություններ են իրականացվում։
Վերջինիս քրեական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինը՝ ի դեմս Քննչական կոմիտեի, խուզարկեց Armat Media-ի խմբագրությունը, որի սեփականատերը «Ուժեղ Հայաստան»-ի թիմի առանցքային անդամ, կալանավորված Ալեքսան Ալեքսանյանն է։ Առգրավվեցին համակարգիչները, լրագրողների հեռախոսները, ու մինչ օրս ոչ համակարգիչները, ոչ հեռախոսները հետ չեն վերադարձվել։ Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ ուսումնասիրում են առգրավված հեռախոսներն ու համակարգիչները։
Հիշեցնենք՝ 2026թ. հունիսի 2-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ա.Ա.-ն (Ալիկ Ալեքսանյան,– հեղ.), 2025թ. սեպտեմբերի 9-ից հանդիսացել է «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար։ Ս.Կ.-ի (Սամվել Կարապետյան,– հեղ.) աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից 2025թ. սեպտեմբերից մինչև 2026թ. մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին մասնակցելու, այլ կերպ՝ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով, ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն, քողարկելով իր իրական մտադրությունը, քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա, տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու։ Նրանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում։
Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























