Հորմուզի նեղուցում այս շաբաթ ԱՄՆ զինված ուժերի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել են առնվազն երեք հնդիկ նավաստիներ, իսկ Նյու Դելին Վաշինգտոնից պաշտոնական բացատրություն է պահանջել։
Ըստ Al Jazeera-ի՝ ԱՄՆ զինված ուժերը վերջին օրերին հարվածել են առնվազն երեք առևտրային նավերի, որոնք, ամերիկյան կողմի պնդմամբ, խախտել են Իրանի նավահանգիստների նկատմամբ սահմանված ծովային շրջափակումը։
Հնդկաստանի կառավարությունը չորեքշաբթի օրը կանչել է Նյու Դելիում ԱՄՆ դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցչին այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը Օմանի ափերի մոտ հարվածել են Պալաուի դրոշի ներքո նավարկող «Settebello» նավին։ Հարձակման հետևանքով զոհվել են երեք հնդիկ նավաստիներ, ևս 21 անդամ հաջողվել է փրկել։
Դրանից ժամեր առաջ ԱՄՆ-ը հարվածել էր մեկ այլ՝ «Marivex» առևտրային նավի, որի անձնակազմի բոլոր 24 անդամները նույնպես հնդիկներ էին։ Նավաստիները օգնության կոչ էին հղել՝ տեղեկացնելով, որ նավում հրդեհ է բռնկվել, իսկ նավը խորտակման վտանգի տակ է։ Հետագայում Օմանի զինված ուժերը կարողացել են փրկել անձնակազմին։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հարվածներն իրականացվել են Իրանի նկատմամբ կիրառվող շրջափակման պահպանման նպատակով։ Հինգշաբթի օրը ամերիկյան ուժերը հայտնել են նաև երրորդ նավի «չեզոքացման» մասին՝ պնդելով, որ այն փորձում էր տեղափոխել իրանական նավթ։
Հնդկաստանի նավագնացության նախարար Սարբանանդա Սոնովալը ցավակցություն է հայտնել զոհված նավաստիների ընտանիքներին և ընդգծել, որ միջադեպը խորը մտահոգություն է առաջացրել Հնդկաստանում։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հնդիկ անձնակազմերով երեք նավ է ենթարկվել ամերիկյան հարձակումների։
«Այս հարձակումները պետք է դադարեցվեն։ Մենք կոչ ենք անում կողմերին վերադառնալ երկխոսության և դիվանագիտական լուծումների ճանապարհին՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար», – նշել է նա։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, իր հերթին, դատապարտել է ԱՄՆ գործողությունները՝ դրանք որակելով որպես «պետական ծովահենության և զինված կողոպուտի դրսևորում»։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնի գործողությունները սպառնում են ինչպես միջազգային նավագնացությանը, այնպես էլ գլոբալ անվտանգությանը։
Միջազգային ծովային կազմակերպության (IMO) գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը ևս խստորեն դատապարտել է քաղաքացիական նավագնացության անվտանգությունը վտանգող ցանկացած գործողություն՝ ընդգծելով, որ ծովագնացների կյանքը չպետք է դառնա ռազմական հակամարտությունների զոհ։
Փորձագետների գնահատմամբ՝ միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել ԱՄՆ-Հնդկաստան հարաբերություններում, հատկապես այն պայմաններում, երբ Վաշինգտոնի և Նյու Դելիի հարաբերությունները վերջին ամիսներին արդեն բարդ փուլ են մտել։
Հոդվածում նշվում է նաև, որ միջազգային իրավունքի տեսանկյունից վիճահարույց է քաղաքացիական առևտրային նավերի նկատմամբ ռազմական ուժի կիրառումը։ ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիան երաշխավորում է միջազգային նավագնացության ազատությունը, իսկ միջազգային մարդասիրական իրավունքը արգելում է կանխամտածված հարվածները ոչ ռազմական նավերի դեմ։
Պատերազմի սկզբից ի վեր Հորմուզի նեղուցում տեղի ունեցած տարբեր հարձակումների հետևանքով արդեն առնվազն յոթ հնդիկ նավաստի է զոհվել։
Հեղինակ՝ Անի Վարդանյան



























