ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2026 թվականի հունիսի 23-26-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաք։
ArmLur.am-ի ուսումնասիրած վարչապետի N 520-Ա որոշման համաձայն՝ նախարարի այցի նպատակն է մասնակցել Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին։
Փաստաթղթից ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ Սրբուհի Գալյանի ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը կկատարվեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, իսկ գիշերավարձի ծախսերը կհոգա հրավիրող կողմը։
Վարչապետի որոշմամբ՝ արդարադատության նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն՝ սահմանված կարգի համաձայն։
Հիշեցնենք, որ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովը համարվում է իրավական ոլորտի հեղինակավոր միջազգային հարթակներից մեկը, որտեղ քննարկվում են արդարադատության, իրավունքի և միջազգային համագործակցության արդիական հարցեր։

Ա․ Վարդանյան




























