Armenian text to speach

5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի համար 3 անձ տնային կալանքի տակ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 3 անձի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը։  

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ  միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ ՍՀ-ն, ՆՄ-ն և ՍՀ-ն 2025 թվականի դեկտեմբերին, նախնական համաձայնությամբ, փորձել են իրացման նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5.5 կգ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը: 

Մասնավորապես՝ օտարազգի քաղաքացին սահմանով՝ Արաքս գետի վրայով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է թմրամիջոցը և թաքցրել ՀՀ տարածքում, որից հետո ՍՀ-ի և ՆՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում նրանցից մեկին է տրամադրել ՀՀ տարածքում նախապես թաքցված թմրամիջոցի գտնվելու վայրի մասին տվյալները, սակայն ՀՀ քաղաքացին թմրամիջոցը վերցնելու պահին հայտնաբերվել ու ձերբակալվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից։ 

ՍՀ-ի, ՆՄ-ի և ՍՀ-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու փորձը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

3 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: 




Լրահոս