Զբոսաշրջային ակտիվ սեզոնի պայմաններում, երբ ոլորտը գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, առավել կարևոր է դառնում նաև ոլորտը ղեկավարող պաշտոնյաների ֆինանսական թափանցիկությունը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի 2024 և 2025 թվականների հայտարարագրերը պատկերացում են տալիս նրա գույքային վիճակի, եկամուտների և ֆինանսական պարտավորությունների մասին։
2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Լուսինե Գևորգյանի ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 14,4 միլիոն դրամ։ Այն ձևավորվել է պետական աշխատավարձից, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված վճարումներից, որոնք կնքվել են «ԱյԴի Բանկ»-ի, «Դիջիբեյս»-ի և «Դիջիթեյն»-ի հետ։
Գույքային տվյալներով՝ պաշտոնյան շարունակում էր տիրապետել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բնակարանին, որը ձեռք է բերել 2020 թվականին՝ գնման եղանակով։ Տրանսպորտային միջոցների ցանկում ընդգրկված էր նաև 2012 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենան, որը պահպանվել է ամբողջ տարվա ընթացքում։
Ֆինանսական ակտիվների շարքում առանձնանում է «Նոր Շին» ՍՊԸ-ին տրամադրված 23,9 միլիոն դրամի փոխառությունը, որը 2024 թվականի ընթացքում չի վերադարձվել և մնացել է անփոփոխ։ Բանկային հաշիվներում առկա միջոցները տարվա ընթացքում տատանվել են մի քանի հարյուր հազարից մինչև մոտ երկու միլիոն դրամ, իսկ կանխիկ միջոցների ծավալը տարեվերջին հասել է շուրջ 2,6 միլիոն դրամի։
2025 թվականի հայտարարագիրը վկայում է, որ նախագահի անշարժ գույքի ցանկում փոփոխություններ չեն արձանագրվել։ Նա շարունակում է միանձնյա սեփականության իրավունքով տնօրինել նույն բնակարանը, որը ձեռք է բերել 2020 թվականի սեպտեմբերի 16-ին։
Միաժամանակ, էական փոփոխություն է արձանագրվել տրանսպորտային միջոցների մասով։ 2012 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենան, որը գնվել էր 2019 թվականին, 2025 թվականի հոկտեմբերի 3-ին վաճառվել է 3 միլիոն 900 հազար դրամով։ Տարվա ավարտի դրությամբ նրա անունով այլ ավտոմեքենա հայտարարագրված չէ։
Բանկային հաշիվներում նույնպես նկատելի տեղաշարժեր են եղել։ Տարեսկզբին առկա երեք հաշիվներից մեկի մնացորդը տարեվերջին աճել է՝ հասնելով 6 միլիոն 820 հազար 327 դրամի, մինչդեռ մյուս երկու հաշիվներում գրանցվել է նվազում։ Idram էլեկտրոնային դրամապանակում ևս արձանագրվել է աճ՝ տարեսկզբի 1 դրամից հասնելով 281 հազար 800 դրամի։
Միևնույն ժամանակ, պաշտոնյայի կանխիկ միջոցները զգալիորեն նվազել են․ եթե 2025 թվականի սկզբին դրանք կազմել են 2 միլիոն 639 հազար 600 դրամ, ապա տարվա վերջում մնացել է ընդամենը 250 հազար դրամ։
Հայտարարագրի համաձայն՝ Լուսինե Գևորգյանի 2025 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 17 միլիոն 625 հազար 996 դրամ։ Դրանցից 16 միլիոն 170 հազար 312 դրամը աշխատանքի վարձատրությունն է, 1 միլիոն 425 հազար 684 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը, իսկ 30 հազար դրամը ստացվել է «Սոցիալական ձեռներեցների դպրոց» կազմակերպության հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում։
Փաստաթղթից պարզ է դառնում նաև, որ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը շարունակում է մարել բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված հիփոթեքային վարկը։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 15 միլիոն 998 հազար 216 դրամ։
Հայտարարագրում նշվում է նաև, որ Լուսինե Գևորգյանը բաժնեմաս չունի առևտրային կազմակերպություններում, ղեկավար պաշտոն չի զբաղեցնում որևէ ընկերությունում կամ ոչ առևտրային կազմակերպության կառավարման մարմնում, սակայն հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Սոնա Գրիգորյան




























