Այս պահին տեղի է ունենում Դատավորների ընդհանուր ժողովը, որի կենտրոնական հարցն է Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր 3 անդամի ընտրությունը։ Մինչ օրենսդրական փոփոխությունները հանձնաժողովը կազմված էր 6 դատավորից և 2 ոչ դատավոր անդամից, սակայն քաղհասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացավ երեքով։ Այսուհետ այն գործելու է 11 անդամի կազմով։ Փոփոխությունների նպատակն էր մեծացնել ՀԿ-ների ներգրավվածությունը և վերացնել դատական կորպորատիվիզմի ռիսկերը։
Ի սկզբանե թեկնածության հայտ էր ներկայացրել 8 իրավաբան։ Սակայն նախորդ շաբաթ ամենախնդրահարույց թեկնածուներից մեկը՝ նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը, հանել է իր թեկնածությունը։
Թեկնածուների թվում են նաև նախկին դատավորներ, օրինակ՝ Արմինե Թումասյանը։
Վերջինս Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր է եղել։ Նա դատավոր է նշանակվել 2023 թվականին և հրաժարականի դիմում է ներկայացրել մոտ մեկ տարի առաջ։ Թումասյանի հրաժարականի վերաբերյալ ԲԴԽ-ի օգոստոսի 4-ի որոշումից հետևում է, որ պատճառը գերծանրաբեռնվածությունն է եղել, որին նա, փաստորեն, չի դիմացել։ Մամուլում մի պահ շրջանառվում էր նաև, որ նրա դեմ կարգապահական վարույթ էր հասունանում, և այդ պատճառով է նա հրաժարվել դատավորի պաշտոնից։ Հասկանալի չէ, թե այս պարագայում ինչպես նա պետք է գնահատի նմանատիպ ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորներին։
Թեկնածուների թվում է նաև Վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը։ Հարց է ծագում, թե ինչպես է իրավաբանը մի կողմից շարունակելու աշխատել դատական համակարգում, մյուս կողմից՝ գնահատելու դատավորների էթիկան։
Սակայն խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում։ Թեկնածուների թվում է նաև Արտակ Մալխասյանը, ով ոչ իրավապաշտպան դաշտում, ոչ էլ դատական համակարգում որևէ հետագիծ չունի։ Այս առնչությամբ էլ հարց է ծագում, թե ինչպես պետք է դատական համակարգի հետ որևէ կապ չունեցող անձը գնահատի դատավորներին, հատկապես այն դեպքում, երբ կապվում է ոստիկանության և այլ ուժային մարմինների հետ։
Հատկանշական է, որ այս երեք թեկնածուներից և ոչ մեկը կապ չունի ոչ առաջադրած ՀԿ-ի, ոչ էլ իրավապաշտպան գործունեության հետ։ Կրկին հարց է ծագում՝ արդյոք նման դասավորվածությամբ արհեստական ներկայացվածությունն ունա՞կ է օբյեկտիվ և ազնիվ եղանակով գնահատել դատավորներին և ապահովել հանձնաժողովի անկախ գործունեությունը։
- Թեկնածուների թվում են նաև այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Մասնավորապես, առաջադրված է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի թեկնածուն։ Կառույցն առավել հայտնի է իր նախագահ Արթուր Սաքունցով։
- Թեկնածուների թվում է նաև Հասմիկ Հարությունյանը, ով ներկայացնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։ Չնայած թեկնածուն ակտիվ է ոլորտում, սակայն Հարությունյանի նախորդ երկու առաջադրումները անհաջող են եղել, և ժողովը մերժել է նրա թեկնածությունը։
- Թեկնածուների թվում է նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կոմիտե»-ի ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը։ Ոչ կառույցը, ոչ թեկնածուն դատական համակարգում առանձնապես ակտիվ չեն եղել։
- Թեկնածուների թվում է նաև իրավաբան Լուսինե Հակոբյանը, ով ներկայացնում է «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ն։ Վերջինս առավել ակտիվ է եղել Հայաստան-ԵՄ հարաբերությունների և եվրոպամետ կուսակցությունների հետ իր գործունեությամբ։
Թե ինչ մոտիվներ ունեն ՀԿ-ների ներկայացուցիչները, չենք կարող ասել, սակայն այս և մի շարք այլ կարևոր հարցեր պետք է առաջին հերթին հենց դատավորներին հետաքրքրեն։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























